ArmStyle

Հայտնի ֆրանսահայ երգիչ և կոմպոզիտոր Մարթեն Յորգանցն առաջին անգամ չի այցելում պատմական հայրենիք՝ Հայաստան, սակայն ամեն անգամ իր այցից ստանում է նոր հույզեր և հաճույք: 

Յորգանցը լրագրողներին ասաց, որ գտնվում է Հայաստանում «Վաղարշապատ» երգի ու պարի թատրոնի հրավերով:
«Սեպտեմբերի 23-ին Էջմիածնում ես մասնակցեցի «Վաղարշապատ» թատրոնի 10-ամյակին նվիրված համերգին: Ես ցնցված էին այն ջերմությամբ, որով ինձ ընդունեց հանդիսատեսը: Հրապարակում մոտ 7 հազար մարդ էր հավաքվել, և ինձ ապշեցրեց այն, որ երիտասարդ սերունդը գիտեր և ինձ հետ միասին երգում էր այն երգերը, որոնք կատարել եմ 25 տարի առաջ», — ասաց երգիչը:

Յորգանցը նշեց, որ իրեն հատկապես ուրախացրեց տեղի երգիչների բարձր մակարդակը:

«Հայերը շատ լավ ճաշակ և տաղանդավոր երգիչներ ունեն: Դա շատ է ուրախացնում: Ես սիրահարված եմ Հայաստանին, սկսած 1988 թ.-ից գրեթե ամեն տարի գալիս եմ այստեղ և ամեն այցից հետո գտնում եմ նորանոր դրական փոփոխություններ», — ընդգծեց նա:

Հայտնի երգիչը նշեց նաև, որ իրեն հատկապես հաճելի է ելույթ ունենալ հայկական բեմում:

«Եվրոպայում և ԱՄՆ-ում վաղուց կորել է «համերգ» հասկացությունը, և այնտեղ, մեծ հաշվով, կազմակերպվում են պարային շոուներ, որոնց ժամանակ հյուրերը ուրախանում են, իսկ երգիչները երգում են նրանց համար», — պարզաբանեց Յորգանցը:
Նա նաև նշեց, որ 26 տարվա ընթացքում Հայաստանում մասնակցել է մոտ 140 համերգի և ապագայում պատրաստվում է հանդես գալ մենահամերգով:

Մարթեն Յորգանցը Եվրոպայում ամենահայտնի հայ երգիչն է: -0-