ArmStyle

Ջոն Լենոնի Imagine երգը, որը կատարել են նաև հայ երգիչները, ավելի քան 30000 դիտում է ունեցել Youtube–ում։ Հանրահայտ երգը հայ երգիչները կատարել են Յունիսեֆի նախաձեռնած արշավի շրջանակում Երեխաների իրավունքների մասին կոնվենցիայի ստորագրման 25 ամյակի կապակցությամբ։ 

Ինտերակտիվ տեսահոլովակի տեսագրությանն արդեն մասնակցել են Քեթի Փերին, Նիկոլ Շերզինգերը, Իդրիս Էլբան, will.i.am–ը, Քորթնի Քոկսը, Ռումեր Ուիլիսը, Դևիդ Արքեթը և շատ այլ երաժիշտներ ու կինոաստղեր։ ՄԱԿ–ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը նույնպես միացել է այս արշավին և երգել է երգչախմբի ուղեկցությամբ։ Բացի այդ, հոլովակում օգտագործվել են հենց Լենոնի մասնակցությամբ բնօրինակ հոլովակի դրվագներ։

Հայկական տարբերակի ձայնագրմանը մասնակցել են հայտնի հայ կատարողներ, որոնց թվում են Բարի կամքի դեսպան Ալլա Լևոնյանը, System of a Down խմբի մեներգիչ Սերժ Թանկյանը, ռոք երգիչ, Dorians խմբի մենակատար Գոռ Սուջյանը, երգիչ Տիգրան Պետրոսյանը, օպերային երգչուհի Իզաբել Բայրաքդարյանը, ավանգարդային երաժիշտ Արտո Թունջբոյաջյանը և «Հայաստանի փոքրիկ երգիչներ» կոլեկտիվը։ Հայկական տարբերակի ձայնագրմանը մասնակցել են հայտնի հայ կատարողներ, որոնց թվում են Բարի կամքի դեսպան Ալլա Լևոնյանը, System of a Down խմբի մեներգիչ Սերժ Թանկյանը, ռոք երգիչ, Dorians խմբի մենակատար Գոռ Սուջյանը, երգիչ Տիգրան Պետրոսյանը, օպերային երգչուհի Իզաբել Բայրաքդարյանը, ավանգարդային երաժիշտ Արտո Թունջբոյաջյանը և «Հայաստանի փոքրիկ երգիչներ» կոլեկտիվը։ 

Նախաձեռնությանը կարող է միանալ յուրաքանչյուր ոք, ով սմարթֆոնի ունի։ Հարկավոր է միայն imagine.unicef.org կայքից բեռնել IMAGINE TouchCast անվճար հավելվածը, դրա օգնությամբ ձայնագրել երգի սեփական տարբերակը և միանալ համաշխարհային ճանաչում վայելող երգի հազարավոր մյուս տարբերակներին, չորեքշաբթի լրագրողներին ասաց ՅՈՒՆՍԵՖ–ի հայաստանյան ներկայացուցչության հաղորդակցման ծրագրի ղեկավար Զառա Սարգսյանը։

Նա հայտնեց, որ այս պահին հավելվածն արդեն ավելի քան 10000 iOS օգտատեր է բեռնել։

Կոմպոզիտոր Արմեն Մարտիրոսյանն էլ նշեց, որ անգամ համաշխարհային ճանաչում ունեցող ¨ մշտապես զբաղված Սերժ Թանկյանը արձագանքել է երգը ձայնագրելուց մեկ շաբաթ առաջ։ «Ցավոք, նա չհասցրեց նկարահանվել տեսահոլովակում, սակայն ձայնագրել է իր ձայնը»,– պատմեց Մարտիրոսյանը։

Երգչուհի և Բարի կամքի դեսպան Ալլա Լևոնյանը նույնպես խոսեց տեսահոլովակի վերաբերյալ ունեցած տպավորությունների մասին և նշեց, որ շատ ավելի լավ է, եթե երեխան մեծանում է ընտանիքում, թեկուզ` սոցիալական վատ պայմաններում, բայց իր ծնողների հետ, և ստանում է ընտանեկան ջերմությունը, քան երբ ապրում է լավ պայմաններում, բայց` մանկատանը։

«Մեր երեխաները մեր ներկան ու ապագան են, և նրանք պետք է պաշտպանված լինեն… Եվ այս երգը պետք է օգնի մեզ այդ հարցում»,– ասաց Լևոնյանը։

Երեխայի իրավունքների կոնվենցիայի 25–ամյակի կապակցությամբ ՅՈՒՆԻՍԵՖ–ն այս տարի #IMAGINE («Պատկերացրեք») արշավ է մեկնարկել։ Արշավի ընթացքում մի քանի տասնյակ ամերիկացի աստղեր երաժշտական ֆլեշմոբ են կազմակերպել, որին կարող է մասնակցել ցանկացած մարդ։ Ընդհանուր հասանելիություն ունեցող յուրաքանչյուր տարբերակ կդառնա «Imagine» նոր ռեմիքսի մասը, որը կթողարկի Նոր տարվա նախաշեմին Դևիդ Գետտան։ Հայտնի ֆրանսիացի դիջեյն ու պրոդյուսերը խոստանում է հնարավորություն գտնել և նույն երգում միավորել բոլոր ձայնագրությունները, «թեկուզ դրանց թիվը հասնի 10 միլիոնի»։ -0-