ArmStyle

Համացանցում հրապարակվել է «Եվրատեսիլ 2015» մրցույթում Հայաստանը ներկայացնող Genealogy խմբի «Face The Shadow» երգի remix տարբերակը։

Երգի այս տարբերակը Yotube–ում հրապարակվել է մայիսի 19-ին։ Հենց այս օրն էլ հայկական խումբը երկրորդ համարի ներքո ելույթ կունենա մրցույթի կիսաեզրափակիչ փուլում։ Մրցույթի հեռարձակումը կսկսվի 20։00-ին Հայաստանի Հանրային հեռուստաընկերության եթերում։ 
 
«Եվրատեսիլ 2015» մրցույթում Հայաստանը ներկայացնող Genealogy խմբի վեց մասնակիցներն են ֆրանսահայ երգիչ Եսայի Ալթունյանը (Essaï), երգչուհի Թամար Կապրելյանն ԱՄՆ–ից, Աֆրիկան ներկայացնում է եթովպահայ երգիչ Վահե Թիլբյանը (Vahe Tilbian), Ասիան ներկայացնում է Ճապոնիայում բնակվող Ստեֆանի Թոփալյանը (Stephanie Topalian), Ավստրալիան ներկայացնում է օպերային երգչուհի Մերի-Ջին Օ’Դոհերթի Վասմաթզյանը (Mary-Jean O’Doherty (Vasmatzian), Հայաստանը` Ինգա Արշակյանը։

Խումբը կներկայացնի «Face the Shadow» (Առերեսվիր ստվերի հետ) երգը։ Մայիսի 18-ի դրությամբ Genealogy–ի տեսահոլովակն արդեն 1 մլն 580 հազար դիտում էր ունեցել։ 

«Եվրատեսիլ 2015» երգի միջազգային մրցույթն անցկացվում է Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում` «Կամուրջներ կառուցելով» կարգախոսով։ 

«Եվրատեսիլ 2015» մրցույթի կիսաեզրափակիչ փուլերը կկայանան մայիսի 19–ին և 21–ին, իսկ եզրափակիչը` մայիսի 23–ին։ -0-