ArmStyle

Կրեմլի պետական պալատի փոքր դահլիճում դեկտեմբերի 14–ին տեղի կունենա «Համաձայնություն» առաջին մրցանակաբաշխությունը, ինչպես նաև հանդիսավոր ճաշ` մրցանակաբաշխության հաղթողների պատվին, հաղորդում է Ռուսաստանի հայերի միության մամուլի ծառայությունը։

Գաղափարի հեղինակների մտահղացմամբ` Ռուսաստանի հայերի միության և Համաշխարհային հայկական կոնգրեսի հիմնած մրցանակն ամեն տարի ստանալու են այն անձինք, ովքեր ծանրակշիռ ներդրում են կատարել երկրի մշակութային, քաղաքական, տնտեսական և հասարակական կյանքի զարգացման գործում։ Մրցանակակիրներն ընտրվում են մի շարք անվանակարգերում։ Միջոցառումը կանցնի ՌԴ նախագահին առընթեր ազգամիջյան հարաբերությունների խորհրդի աջակցությամբ։ 

Միջոցառումն ուղղված է ռուս և հայ ժողովուրդների միջև բազմադարյա եղբայրական կապերի ամրապնդմանն ու զարգացմանը, Ռուսաստանի քաղաքացիների և օտարերկրյա պետությունների ներկայացուցիչների միջև բարեկամական կապերի ձևավորման աջակցմանը, միջէթնիկ հաղորդակցության ընդլայնման նպատակով արդյունավետ հարթակի ստեղծմանը մեգապոլիսների պայմաններում, ինչպես նաև ջանքերի համախմբմանը արդար և միասնական հասարակության կառուցման գործում։

«Հրավիրվածների թվում են մշակույթի, քաղաքականության, տնտեսության և սպորտի ակնառու գործիչներ։ Տոնական միջոցառմանը Ռուսաստանի և Հայաստանի նախագահների ակնկալվող ներկայությունը ոչ միայն կարող է հատուկ նշանակություն հաղորդել, այլ նաև էական ներդրում կատարել հայ–ռուսական հարաբերություններ ամրապնդման գործում։ 

Մրցանակաբաշխության ավարտից հետո Կրեմլի պետական պալատի մեծ համերգասրահում տեղի կունենա համերգ` համաշխարհային աստղերի մասնակցությամբ։

Համերգին կմասնակցեն Միշել Լեգրանը, Էմիր Կուստուրիցան, Ռոզի Արմենը, Պատրիկ Ֆիորին, Էլեն Սեգարան, Ջիվան Գասպարյանը, Մարիա Գուլեգինան, Իոսիֆ Կոբզոնը, Ժան Տատլյանը, Չարլի Արմստրոնգը, Բեդրոս Կիրկորովը, Արա Գևորգյանը, Armenian Navy Band–ն ու Արտո Թունջբոյաջյանը, Շուշան Պետրոսյանը։

Ելույթ կունենան Հայաստանի պարի պետական անսամբլը, Սրետենսկի մենաստանի երգչախումբը, «Ռոմեն» թատրոնը, Պյատնուցկու անվան երգչախումբը, Ալեքսանդրովի անվան երգչախումբը, ինչպես նաև Ձախ Հարութը, Արտաշ Ասատրյանը, Արմենչիկը, Մարտին Յորգանցը, Ներսիկ Իսպիրյանը, Անդին, Ալեքսանդր Սերովը, Արսեն և Լևոն Պետրոսովները, Ավրաամ Ռուսոն, Դատոն, Թամարա Յանդիևան։–0–