ArmStyle

Genealogy խումբը, որը Հայաստանը կներկայացնի Վիեննայում կայանալիք «Եվրատեսիլ 2015» երգի միջազգային մրցույթում, ներկայացրել է Ինգա և Անուշ Արշակյանների «Մենք ենք, մեր սարերը» հայտնի երգի տեսահոլովակը։ 

Երգի երաժշտության հեղինակը Մանե Հակոբյանն է, խոսքի հեղինակը` Ավետ Բարսեղյանը։ 

«Եվրատեսիլ 2015» մրցույթում Հայաստանը ներկայացնող Genealogy խմբի վեց մասնակիցներն են ֆրանսահայ երգիչ Եսայի Ալթունյանը (Essaï), երգչուհի Թամար Կապրելյանն ԱՄՆ–ից, Աֆրիկան ներկայացնում է եթովպահայ երգիչ Վահե Թիլբյանը (Vahe Tilbian), Ասիան ներկայացնում է Ճապոնիայում բնակվող Ստեֆանի Թոփալյանը (Stephanie Topalian), Ավստրալիան ներկայացնում է օպերային երգչուհի Մերի-Ջին Օ’Դոհերթի Վասմաթզյանը (Mary-Jean O’Doherty (Vasmatzian), Հայաստանը` Ինգա Արշակյանը։

Genealogy խումբը երկրորդ համարի ներքո կներկայացնի Face the Shadow երգը մայիսի 19–ին կայանալիք մրցույթի առաջին կիսաեզրափակչում։ 

«Եվրատեսիլ 2015» երգի միջազգային մրցույթը կանցկացվի Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում «Կամուրջներ կառուցելով» կարգախոսով։ 

«Եվրատեսիլ 2015» մրցույթի կիսաեզրափակիչ փուլերը կկայանան մայիսի 19–ին և 21–ին, իսկ եզրափակիչը` մայիսի 23–ին։ -0-