ArmStyle

Genealogy հայկական խումբը երկրորդ համարի ներքո ելույթ կունենա «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթի առաջին կիսաեզրափակչում, որը տեղի կունենա մայիսի 19–ին Վիեննայում։ Արտասովոր կոլեկտիվը բաղկացած է Հայաստանը և աշխարհի հինգ մայրցամաքները ներկայացնող վեց մասնակիցներից։

Աներևակայելի գեղեցիկ, տաղանդավոր, միանգամայն տարբեր արտիստներ տարբեր երկրներից, տարբեր մայրցամաքներից… Նրանք տարբեր ճակատագրեր ունեն, բայց նրանց միավորում է նույն պատմությունը` նախնիների պատմությունը, ովքեր ժամանակին հրաշքով փրկվել են Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած կոտորածից և սփռվել տարբեր երկրներում։ 

Նրանցից շատերը երբեք չէին եղել Հայաստանում։ Նրանք շատ տպավորված են, հպարտ և խոսում են իրենց երկրի մասին քնքշությամբ, հիացմունքով։ Նրանց համար անակնկալ էր ոչ միայն Genealogy խմբի ստեղծումը, միջազգային այդքան պատասխանատու մրցույթում ելույթը, այլ նաև այն, որ պետք է իրենց համար բացահայտեն Հայաստանը` նախնիների փոքրիկ և արևոտ հայրենիքը։ 

Երբ միանգամայն տարբեր ոճերի երգիչների ձայները միախառնվում են Face the shadow կոմպոզիցիայում, ստացվում է անկրկնելի ներդաշնակություն, որն արդեն հասցրել է գերել արևմտյան ունկնդրին։ Այս պահին Youtube–ում տեսահոլովակը հավաքել է ավելի քան 1.2 մլն դիտում։ Genealogy խմբի ուսերին մեծ պատասխանատվություն է` մրցույթում, որն ամեն դեպքում քաղաքականացված է,  ելույթ ունենալ այնպես, որ հենց երգի մեջ քաղաքական ենթատեքստ չտեսնեն. չէ՞ որ կոմպոզիցիան և խումբը ստեղծվել են Հայոց ցեղասպանության տարելիցի տարում։ «Հրաշալի վեցյակն» իր ակնակալիքներն է ներկայացրել լրագրողներին։ 

Խարիզմատիկ Եսայի Ալթունյանը

Եվրոպան ներկայացնում է ֆրանսահայ երգիչ Եսայի Ալթունյանը (Essaï), ում արդեն սիրում են Հին աշխարհում։ Եսային բարություն և էներգիա է ճառագում։ Նա ձգտում է հաղթել «Եվրատեսիլում» և պնդում, որ վիեննական բեմում ելույթի օրը ոչ թե վեց մարդ է լինելու, այլ 10 մլն հայ` ողջ աշխարհից։ Դեռ փետրվարի սկզբին Եսայի Ալթունյանը ներկայացրել էր «Je n’oublie pas» («Չեմ մոռանա») երգը, որը նվիրված է Հայոց ցեղասպանությանը։ 

Ամերիկացի գեղեցկուհի Թամար Կապրելյանը

Բարակ ձայնով բարետես երգչուհի Թամար Կապրելյանն (Tamar Kaprelian) Ամերիկայից նույնպես գերել է միլիոնավոր երկրպագուների սրտերը։ Հայաստանում Կապրիելյանն արդեն վաղուց երկրպագուներ ունի, ովքեր մշտապես Հայաստանի  «Եվրատեսիլի» կազմակերպիչներից պահանջում էին ուղարկել աղջկան այդ մրցույթին։ «Կարծում եմ` գաղափարը հետաքրքիր է նրանով, որ մեզ մեկ պատմություն է միավորում, թեև ամեն մեկս տարբեր ճակատագիր ունենք»,– նշեց Կապրելյանը։ 

Էներգիայով լի Վահե Թիլբյանը

Եթովպիայից ժամանած Վահե Թիլբյանի (Vahe Tilbian) խոսքով` ի սկզբանե ինքը չէր հավատացել աչքերին, երբ նամակ էր ստացել «Եվրատեսիլում» Հայաստանը ներկայացնելու և արտասովոր մտահղացմանը մասնակցելու հրավերով։ Նամակն ուղարկել էր մրցույթում հայկական պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանը։ 

Սակայն դա սպամ չէր, ինչպես սկզբում կարծել էր Վահեն, այլ իսկապես առաջարկ Հայաստանից։ «Մեզ համար արդեն հաղթանակ է այն, որ մենք միավորվել ենք մի խմբում»,– նշեց Թիլբյանը։

Գեղանի Մերի-Ջին Օ’Դոհերթի Վասմաթզյանը 

Ավստրալիան ներկայացնում է Մերի-Ջին Օ’Դոհերթի Վասմաթզյանը (Mary-Jean O’Doherty (Vasmatzian)` օպերային լեգենդար պրիմա Արաքս Մանսուրյանի աշակերտուհին։  Օ’Դոհերթին նշեց, որ Face the shadow հանճարեղ երգը սիրո մասին է։ Ըստ նրա՝ նա իր ընտանիքից առաջինն է, ով այցելել է Հայաստան, և Հայրենիքում լինելը մեծ ուրախություն է։ 

Անսովոր արտաքինով Ստեֆանի Թոփալյանը

Ստեֆանի Թոփալյանը (Stephanie Topalian) կիսով չափ հայ է, կիսով չափ` ճապոնուհի, Ճապոնիայում ճանաչված երգչուհի է։ Նա նույնպես նշեց, որ իր համար անսպասելի էր Genealogy խմբի մասնակից դառնալու և «Եվրատեսիլում» Հայաստանը ներկայացնելու առաջարկը։ «Մենք կանենք ամեն ինչ, որ ըստ արժանվույն ներկայացնենք Հայաստանը մրցույթում»,– ասաց Ստեֆանին։ 

Հայաստանից` Ինգա Արշակյանը

Ինգան իր քրոջ` Անուշի հետ արդեն ներկայացրել է Հայաստանը «Եվրատեսիլում» 2009 թվականին, և այդ բարդ մրցույթում ելույթի փորձ ունի։ Արշակյանը նշեց, որ խմբի անդամներին միավորում է նույն մշակույթը, պատմությունը և Հայրենիքը։ «Այո, մենք ինչ–որ պահի հեռացել ենք միմյանցից, բայց այժմ ունենք հզոր Սփյուռք, և մենք հպարտ ենք, որ այսօր միասին կներկայացնենք հայկական մշակույթի փոքրիկ մասնիկը»,– նշեց Արշակյանը։ 

Անմոռուկը սրտերում և բեմում

Խմբի վեց մասնակիցները կարծես խորհրդանշում են անմոռուկը` Ցեղասպանության հարյուրերորդ տարելիցի միջոցառումների խորհրդանիշը։ Այն, ինչ անում են այդ տաղանդավոր երգիչները, անմոռանալի է։ Նրանց կենդանի կատարումը, ոճերի խառնումը և Face the shadow ուժեղ երգն արդեն սիրվել են երաժշտասերների կողմից։

«Եվրատեսիլում» հայկական պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանը նշեց, որ նրանք կապ են հաստատել յուրաքանչյուր արտիստի հետ, պատմել և բացատրել մտահղացումը, մանրամասն նկարագրել, թե ինչու հենց վեց մարդ պետք է ելույթ ունենա խմբում և այլն։

Գասպարյանն ավելացրեց, որ ի սկզբանե կազմել էր երկրների հսկայական ցուցակ, թե որտեղ հայկական համայնքներ կան, որոնց համապատասխան, ավելի ուշ նա և իր գործընկերները փնտրում, զանգահարում, կապ էին հաստատում երգիչների հետ։ 

Genealogy խմբի առաջիկա շոուի գաղտնիքները կազմակերպիչները չբացեցին, բայց ավելացրեցին, որ ելույթը գունեղ և անմոռանալի կլինի։ «Եվրատեսիլում» հայկական Genealogy խմբի Face the shadow (Ստվերին դեմ առ դեմ) տեսահոլովակն ընդգրկվել է The Daily Dot ամերիկյան լրատվական պորտալի լավագույն վեց երգերի ցուցակում։ -0-