Հայկական Genealogy խմբի «Face the shadow» («Դեմ առ դեմ ստվերին») երգն ընդգրկվել է «Եվրատեսիլ-2015»–ի լավագույն 15 տեսահոլովակների թվում` ըստ Cosmo.ru-ի վարկածի։

Հրատարակությունը նշել է, որ Genealogy խմբի մասնակիցները Հայաստան են եկել ողջ աշխարհից, որպեսզի միասին ներկայացնեն երկիրը մրցույթում։ Վեց մասնակիցներից Հայաստանից է միայն մեկը` Ինգա Արշակյանը։ Մյուսները էթնիկ հայեր են` 1915-ին տարբեր երկրներ գաղթած հայկական ընտանիքներից և ժամանել են Եթովպիայից, Ֆրանսիայից, Ճապոնիայից, Ամերիկայից և Ավստրալիայից։ 

Cosmo-ի ցանկում են ներառվել նաև Բրիտանիան, Ավստրալիան, Բելգիան, Մակեդոնիան, Էստոնիան, Նորվեգիան, Իտալիան ներկայացնող մասնակիցների տեսահոլովակները։ 

Հայաստանը «Եվրատեսիլ-2015» երգի միջազգային մրցույթում կներկայացնի Genealogy խումբը։ Genealogy խմբում ընդգրկվել են հինգ մայրցամաքներում և Հայաստանում բնակվող հայ երգիչներ` ֆրանսահայ երգիչ Եսայի Ալթունյանը (Essaï) է, երգչուհի Թամար Կապրելյանն ԱՄՆ–ից, Աֆրիկան ներկայացնող եթովպահայ երգիչ Վահե Թիլբյանը (Vahe Tilbian), Ասիան ներկայացնող և Ճապոնիայում բնակվող Ստեֆանի Թոփալյանը (Stephanie Topalian), Ավստրալիան ներկայացնող օպերային երգչուհի Մերի-Ջին Օ’Դոհերթի Վասմաթզյանը (Mary-Jean O’Doherty (Vasmatzian) և Հայաստանը ներկայացնող Ինգա Արշակյանը։

«Եվրատեսիլ-2015» երգի միջազգային մրցույթը կանցկացվի Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում` «Կամուրջներ կառուցելով» կարգախոսով։ Այդ կարգախոսը խորհրդանշում է բոլորին միավորող Եվրոպան, քանի որ կազմակերպիչները կարծում են, որ «Եվրատեսիլը» մշակույթներ և լեզուներ է միավորում։ 
 
«Եվրատեսիլ-2015» մրցույթի կիսաեզրափակիչ փուլերը կանցկացվեն մայիսի 19–ին և 21–ին, իսկ եզրափակիչը` մայիսի 23–ին։ Հայաստանը հանդես կգա առաջին կիսաեզրափակիչ փուլում երկրորդ համարի ներքո։ -0-