ArmStyle

Հայաստանը փոխել է «Եվրատեսիլ-2015» մրցույթին ներկայացվելիք «Don’t deny» («Մի՛ ժխտիր») երգի վերնագիրը, այն արդեն կկոչվի «Face The Shadow» (թարգմանաբար` «Առերեսվի՛ր ստվերին»):

Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում երեկ կայացել է «Եվրատեսիլ-2015»-ի մասնակից պետությունների պատվիրակությունների ղեկավարների պաշտոնական հանդիպումը։ Ներկա են եղել մասնակից բոլոր 40 երկրների ներկայացուցիչներ, այդ թվում` Հայաստանը:

«Եվրատեսիլի» կազմակերպիչները հաստատել են Հայաստանի մասնակցությունը մրցույթին: Հայկական երգը կներկայանա նոր խորագրի ներքո` «Face The Shadow»։ Այս փոփոխությունը միտված է հետ մղելու քաղաքական ցանկացած թեմայի շահարկումը երգի ենթատեքստում, ինչպես նաև ուժեղացնելու խաղաղության, սիրո և միասնության գաղափարը:

Հայաստանն այս տարի մրցույթում կներկայացնի Genealogy խումբը։ Խմբի վեց մասնակիցներն են ֆրանսահայ երգիչ Եսայի Ալթունյանը (Essaï), երգչուհի Թամար Կապրելյանն ԱՄՆ–ից, Աֆրիկան ներկայացնում է եթովպահայ երգիչ Վահե Թիլբյանը (Vahe Tilbian), Ասիան ներկայացնում է Ճապոնիայում բնակվող Ստեֆանի Թոփալյանը (Stephanie Topalian), Ավստրալիան ներկայացնում է օպերային երգչուհի Մերի-Ջին Օ’Դոհերթի Վասմաթզյանը (Mary-Jean O’Doherty (Vasmatzian), Հայաստանը` Ինգա Արշակյանը։

«Եվրատեսիլ-2015» երգի միջազգային մրցույթը կանցկացվի Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում «Կամուրջներ կառուցելով» կարգախոսով։ Այդ կարգախոսը խորհրդանշում է բոլորին միավորող Եվրոպան, քանի որ կազմակերպիչները կարծում են, որ «Եվրատեսիլը» մշակույթներ և լեզուներ է միավորում։ 

Մրցույթի տարբերանշանն այս տարի ունի թափանցիկ մոլորակի տեսք, որի վրայով անցնում են կամուրջներ` ներկայացնելով տարբեր երկրների առանձնահատկություններն ու արտիստների ընդհանրությունները։ 

Այս տարի մրցույթին կմասնակցի 39 երկիր` Հայաստանը, Ալբանիան, Ավստրիան, Ադրբեջանը, Բելառուսը, Բելգիան, Կիպրոսը, Չեխիան, Դանիան, Էստոնիան, Ֆինլանդիան, Ֆրանսիան, Մակեդոնիան (նախկին Հարավսլավիայի մասն է), Վրաստանը, Գերմանիան, Հունաստանը, Հունգարիան, Իսլանդիան, Իռլանդիան, Իսրայելը, Իտալիան, Լատվիան, Լիտվան, Մալթան, Մոլդովան, Մոնտենեգրոն, Նիդեռլանդները, Նորվեգիան, Լեհաստանը, Պորտուգալիան, Ռումինիան, Ռուսաստանը, Սան Մարինոն, Սերբիան, Սլովենիան, Իսպանիան, Շվեդիան, Շվեյցարիան և Մեծ Բրիտանիան։ 

Մի քանի երկրներ, այդ թվում` Ուկրաինան, Բուլղարիան, Բոսնիան և Հերցեգովինան, Սլովակիան, Թուրքիան, Լիխտենշտեյնը և Լյուքսեմբուրգը տարբեր պատճառներով հրաժարվել են մասնակցել մրցույթին։ 

«Եվրատեսիլ-2015» մրցույթի կիսաեզրափակիչ փուլերը կկայանան մայիսի 19–ին և 21–ին, իսկ եզրափակիչը` մայիսի 23–ին։ Հայաստանը հանդես կգա առաջին կիսաեզրափակիչում։ -0-