Genealogy խմբի մասնակից, ամերիկահայ երգչուհի Թամար Կապրելյանը Facebook–ի իր պաշտոնական էջում ներկայացրել է «Face the Shadow» երգի ակուստիկ տարբերակը։

Թամար Կապրելյանը ճանաչում է ձեռք բերել 2008 թվականին, երբ հաղթել է Interscope Records մրցույթում OneRepublic խմբի Apologize երգի լավագույն cover–ի համար։ 2010 թվականին Կապրելյանը հրապարակել է իր առաջին ալբոմը, որը կոչվում էր Sinner or a Saint։

Հայաստանը «Եվրատեսիլ 2015» երգի միջազգային մրցույթում կներկայացնի  Genealogy խումբը` «Don’t deny» (Մի՛ ժխտիր) երգով։ Genealogy խմբում ընդգրկվել են հինգ մայրցամաքներում և Հայաստանում բնակվող հայ երգիչներ։ Մրցույթի վեց մասնակիցները կդառնան Հայոց ցեղասպանության 100–րդ տարելիցին նվիրված միջոցառումները խորհրդանշող անմոռուկի ինքնատիպ խորհրդանիշը։

Խմբի վեց մասնակիցներից առաջինը ֆրանսահայ երգիչ Եսայի Ալթունյանն (Essaï) է, երկրորդը` երգչուհի Թամար Կապրելյանն ԱՄՆ–ից, երրորդը` Աֆրիկան ներկայացնող եթովպահայ երգիչ Վահե Թիլբյանը (Vahe Tilbian), չորրորդը` Ասիան ներկայացնող և Ճապոնիայում բնակվող Ստեֆանի Թոփալյանը (Stephanie Topalian), հինգերորդը` Ավստրալիան ներկայացնող օպերային երգչուհի Մերի-Ջին Օ’Դոհերթի Վասմաթզյանը (Mary-Jean O’Doherty (Vasmatzian), և վերջապես վեցերորդ մասնակիցը` Հայաստանը ներկայացնող Ինգա Արշակյանը։

«Եվրատեսիլ 2015» երգի միջազգային մրցույթը կանցկացվի Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում` «Կամուրջներ կառուցելով» կարգախոսով։ Այդ կարգախոսը խորհրդանշում է բոլորին միավորող Եվրոպան, քանի որ կազմակերպիչները կարծում են, որ «Եվրատեսիլը» մշակույթներ և լեզուներ է միավորում։ 

Մրցույթի տարբերանշանն այս տարի ունի թափանցիկ մոլորակի տեսք, որի վրայով անցնում են կամուրջներ` ներկայացնելով տարբեր երկրների առանձնահատկություններն ու արտիստների ընդհանրությունները։ 

Այս տարի մրցույթին կմասնակցի 39 երկիր` Հայաստանը, Ալբանիան, Ավստրիան, Ադրբեջանը, Բելառուսը, Բելգիան, Կիպրոսը, Չեխիան, Դանիան, Էստոնիան, Ֆինլանդիան, Ֆրանսիան, Մակեդոնիան (նախկին Հարավսլավիայի մասն է), Վրաստանը, Գերմանիան, Հունաստանը, Հունգարիան, Իսլանդիան, Իռլանդիան, Իսրայելը, Իտալիան, Լատվիան, Լիտվան, Մալթան, Մոլդովան, Մոնտենեգրոն, Նիդեռլանդները, Նորվեգիան, Լեհաստանը, Պորտուգալիան, Ռումինիան, Ռուսաստանը, Սան Մարինոն, Սերբիան, Սլովենիան, Իսպանիան, Շվեդիան, Շվեյցարիան և Մեծ Բրիտանիան։ 

Մի քանի երկրներ, այդ թվում` Ուկրաինան, Բուլղարիան, Բոսնիա և Հերցեգովինան, Սլովակիան, Թուրքիան, Լիխտենշտեյնը և Լյուքսեմբուրգը տարբեր պատճառներով հրաժարվել են մասնակցել մրցույթին։ 

«Եվրատեսիլ 2015» մրցույթի կիսաեզրափակիչ փուլերը կանցկացվեն մայիսի 19–ին և 21–ին, իսկ եզրափակիչը` մայիսի 23–ին։ Հայաստանը հանդես կգա առաջին կիսաեզրափակիչ փուլում երկրորդ համարի ներքո։ -0-

 

Here it is.. "Face the Shadow" acoustic. <3#Eurovision Wiwibloggs Genealogy #armenian #armenia #music Eurovision Song Contest Eurovision Song Contest — Building Bridges Eurovisión SBS Eurovision

Posted by Tamar Kaprelian on Monday, 13 April 2015