ArmStyle

Հայաստանը ներկայացնող Genealogy խումբը «Եվրատեսիլ 2015» երգի միջազգային մրցույթի` մայիսի 23–ին կայանալիք եզրափակիչ փուլում հանդես կգա վեցերորդ համարի ներքո, նշված է մրցույթի կազմակերպիչների պաշտոնական էջում։

Ինչպես և նախորդ տարիներին, ելույթի կարգը որոշել են մրցույթի պրոդյուսերները։ 

Առաջին կիսաեզրափակիչ փուլն անցկացվել է երեքշաբթի։ Եզրափակիչ են անցել Ալբանիան, Հայաստանը, Բելգիան, Հունգարիան, Հունաստանը, Վրաստանը, Ռուսաստանը, Սերբիան, Ռումինիան և Էստոնիան։ 

Երկրորդ կիսաեզրափակիչից հետո եզրափակիչ են դուրս եկել Լիտվայի, Լեհաստանի, Սլովենիայի, Շվեդիայի, Նորվեգիայի, Մոնտենեգրոյի, Կիպրոսի, Ադրբեջանի, Լատվիայի և Իսրայելի ներկայացուցիչները։ 

Առանց կիսաեզրափակիչ փուլին մասնակցելու` ավանդաբար եզրափակիչ փուլ են դուրս եկել մրցույթն ընդունող երկիրը` Ավստրիան, ինչպես նաև` Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Իսպանիան, Ֆրանսիան և Իտալիան։ Բացի այդ, այս տարի մրցույթին առաջին անգամ մասնակցում է Ավստրալիան, որը նույնպես չի մասնակցել կիսաեզրափակիչ փուլին։ Ավստրալիային հրավիրելու որոշումն ընդունվել է «Եվրատեսիլի» 60–ամյակի կապակցությամբ։ 

Հայաստանը մրցույթին է ներկայացրել Face the Shadow երգը, որը կատարում է Genealogy խումբը։ Genealogy–ն բաղկացած է վեց մասնակցից, որոնք ներկայացնում են Հայաստանն ու հինգ մայրցամաքները։ Եվրոպան ներկայացնում է ֆրանսահայ երգիչ Եսայի Ալթունյանը (Essaï), երկրորդը` երգչուհի Թամար Կապրելյանն ԱՄՆ–ից, երրորդը` Աֆրիկան ներկայացնող եթովպահայ երգիչ Վահե Թիլբյանը (Vahe Tilbian), չորրորդը` Ասիան ներկայացնող և Ճապոնիայում բնակվող Ստեֆանի Թոփալյանը (Stephanie Topalian), հինգերորդը` Ավստրալիան ներկայացնող օպերային երգչուհի Մերի-Ջին Օ’Դոհերթի Վասմաթզյանը (Mary-Jean O’Doherty (Vasmatzian), և վերջապես վեցերորդ մասնակիցը` Հայաստանը ներկայացնող Ինգա Արշակյանը։ 

«Եվրատեսիլ 2015» երգի միջազգային մրցույթն անցկացվում է Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում` «Կամուրջներ կառուցելով» կարգախոսով։ 

«Եվրատեսիլ 2015» մրցույթի կիսաեզրափակիչ փուլերն անցկացվել են մայիսի 19–ին և 21–ին, իսկ եզրափակիչը նախատեսված է մայիսի 23–ին։ -0-