ArmStyle

«Եվրատեսիլ-2015» մրցույթում Վիեննայում Հայաստանը կներկայացնեն հինգ մայրցամաքներում և հենց Հայաստանում ապրող հայ երգիչները։

Այդ որոշումն ընդունվել է 2015 թվականին Հայոց ցեղասպանության 100–րդ  տարելիցի կապակցությամբ։ Մրցույթի վեց մասնակիցները խորհրդանշելու են Հայոց ցեղասպանության միջոցառումների տարբերանշանը` անմոռուկը։

Առաջին մասնակցի անունը կհայտարարվի փետրվարի 16–ին մրցույթի պաշտոնական հեռարձակող և երգիչների ներքին ընտրությունն անցկացնող Հայաստանի հանրային հեռուստաընկերության եթերում։ Genealogy խմբի մասնակիցներից մեկն ավստրալացի է։

Երգը, որը կներկայացնեն հայ մասնակիցները, կոչվում է «Մի’ ժխտիր» (Don’t deny)։

Եվրատեսիլ-2015» երգի միջազգային մրցույթը կանցկացվի Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում «Կամուրջներ կառուցելով» կարգախոսով։ Այդ կարգախոսը խորհրդանշում է բոլորին միավորող Եվրոպա, քանի որ կազմակերպիչները կարծում են, որ «Եվրատեսիլը» մշակույթներ և լեզուներ է միավորում։

Մրցույթի տարբերանշանն այս տարի ունի թափանցիկ մոլորակի տեսք, որի վրայով անցնում են կամուրջներ` ներկայացնելով տարբեր երկրների առանձնահատկություններն ու արտիստների ընդհանրությունները։

Այս տարի մրցույթին կմասնակցեն 39 երկրներ` Հայաստանը, Ալբանիան, Ավստրիան, Ադրբեջանը, Բելառուսը, Բելգիան, Կիպրոսը, Չեխիան, Դանիան, Էստոնիան, Ֆինլանդիան, Ֆրանսիան, Մակեդոնիան (նախկին Հարավսլավիայի մասն է), Վրաստանը, Գերմանիան, Հունաստանը, Հունգարիան, Իսլանդիան, Իռլանդիան, Իսրայելը, Իտալիան, Լատվիան, Լիտվան, Մալթան, Մոլդովան, Մոնտենեգրոն, Նիդեռլանդները, Նորվեգիան, Լեհաստանը, Պորտուգալիան, Ռումինիան, Ռուսաստանը, Սան Մարինոն, Սերբիան, Սլովենիան, Իսպանիան, Շվեդիան, Շվեյցարիան և Մեծ Բրիտանիան։

Մի քանի երկրներ, այդ թվում, Ուկրաինան, Բուլղարիան, Բոսնիան և Հերցեգովինան, Սլովակիան, Թուրքիան, Լիխթենշթեյնը և Լյուքսեմբուրգը տարբեր պատճառներով հրաժարվել են մասնակցել մրցույթին։

«Եվրամիություն-2015» մրցույթի կիսաեզրափակիչները կկայանան մայիսի 19–ին և 21–ին, իսկ եզրափակիչը` մայիսի 23–ին։ Հայաստանը ելույթ կունենա առաջին կիսաեզրափակչում: -0-