ArmStyle

Հայտնի դարձավ «Եվրատեսիլ-2015»-ին Հայաստանը ներկայացնող Genealogy խմբի հինգերորդ մասնակցի անունը։ Դա ավստրալահայ օպերային երգչուհի Մերի-Ջին Օ’Դոհերթի Վասմաթզյանն է։

 

Genealogy խմբի առաջին մասնակիցը, ով ներկայացնում է Եվրոպան, ֆրանսահայ երգիչ Եսայի Ալթունյանն (Essaï) է, ով փետրվարի սկզբին նոր երգ ներկայացրեց` «Je n’oublie pas» ( «Չեմ մոռանա»)` նվիրված Հայոց ցեղասպանությանը։

Երկրորդ մասնակիցը ամերիկահայ երգչուհի Թամար Կապրելյանն (Tamar Kaprelian) է, ով հայտնի է դարձել 2008 թվականի մարտին, երբ հաղթել է Interscope Records մրցույթում` OneRepublic խմբի Apologize երգի լավագույն cover-ի համար։ 

Երրորդը եթովպահայ սիրված երգիչ Վահե Թիլբյանն է, որը կներկայացնի Աֆրիկա աշխարհամասը։ Վահեն ծնվել և մեծացել է Եթովպիայում, նա ճանաչված արվեստագետ է, հայտնի է իր յուրօրինակ երաժշտական ոճով՝ ռոք, տեխնո, ռեգգի, R&B, հայկական և եթովպական, նաև` լատինո: 

Չորրորդը Ճապոնիայից երգչուհի և դերասանուհի Ստեֆանի Թոփալյանն է (Stephanie Topalian)։Ստեֆանին ծնվել է ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգի Լոս Անջելես քաղաքում։ Երգել սկսել է տասներեք տարեկանից: Իր երգի աուդիո ձայնագրությունն ուղարկել է տարբեր երաժշտական ձայնագրման ստուդիաներ: Արձագանք է ստացել ճապոնացի երաժշտական պրոդյուսեր Ջո Ռինոյից: 19 տարեկանում Ստեֆանին իր առաջին մեծ քայլերն է կատարել երգի ասպարեզում SME (SONY) ձայնագրման ստուդիայում: Ճապոնական հեղինակավոր երաժշտական ‘’Japan records awards’’ 49-րդ մրցանակաբաշխության ժամանակ նա ստացել է «Լավագույն նորահայտ արտիստ» մրցանակը: 2007-ին երկու ալբոմ է թողարկել:

Genealogy խմբում կներառվեն հինգ մայրցամաքներում և Հայաստանում բնակվող հայ երգիչներ։ Մրցույթի վեց մասնակիցները Հայոց ցեղասպանության 100–րդ տարելիցին նվիրված միջոցառումները խորհրդանշող անմոռուկի ինքնատիպ խորհրդանիշը կդառնան։ Հայ մասնակիցները կներկայացնեն «Մի՛ ժխտիր» երգը։

«Եվրատեսիլ 2015» երգի միջազգային մրցույթը կանցկացվի Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում «Կամուրջներ կառուցելով» կարգախոսով։ Այդ կարգախոսը խորհրդանշում է բոլորին միավորող Եվրոպան, քանի որ կազմակերպիչները կարծում են, որ «Եվրատեսիլը» մշակույթներ և լեզուներ է միավորում։ 

Մրցույթի տարբերանշանն այս տարի ունի թափանցիկ մոլորակի տեսք, որի վրայով անցնում են կամուրջներ` ներկայացնելով տարբեր երկրների առանձնահատկություններն ու արտիստների ընդհանրությունները։ 
Այս տարի մրցույթին կմասնակցի 39 երկիր` Հայաստանը, Ալբանիան, Ավստրիան, Ադրբեջանը, Բելառուսը, Բելգիան, Կիպրոսը, Չեխիան, Դանիան, Էստոնիան, Ֆինլանդիան, Ֆրանսիան, Մակեդոնիան (նախկին Հարավսլավիայի մասն է), Վրաստանը, Գերմանիան, Հունաստանը, Հունգարիան, Իսլանդիան, Իռլանդիան, Իսրայելը, Իտալիան, Լատվիան, Լիտվան, Մալթան, Մոլդովան, Մոնտենեգրոն, Նիդեռլանդները, Նորվեգիան, Լեհաստանը, Պորտուգալիան, Ռումինիան, Ռուսաստանը, Սան Մարինոն, Սերբիան, Սլովենիան, Իսպանիան, Շվեդիան, Շվեյցարիան և Մեծ Բրիտանիան։ 

Մի քանի երկրներ, այդ թվում` Ուկրաինան, Բուլղարիան, Բոսնիան և Հերցեգովինան, Սլովակիան, Թուրքիան, Լիխտենշտեյնը և Լյուքսեմբուրգը տարբեր պատճառներով հրաժարվել են մասնակցել մրցույթին։ 

«Եվրատեսիլ-2015» մրցույթի կիսաեզրափակիչ փուլերը կկայանան մայիսի 19–ին և 21–ին, իսկ եզրափակիչը` մայիսի 23–ին։ Հայաստանը հանդես կգա առաջին կիսաեզրափակչում։

Թուրքիան ավանդաբար մերժում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին մոտ մեկուկես միլիոն հայերի զանգվածային ջարդեր իրականացնելու մեղադրանքները և չափազանց ցավագին է վերաբերվում Հայոց Ցեղասպանության հարցի վերաբերյալ Արևմուտքի կողմից արվող քննադատություններին։

Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ, մասնավորապես, Ուրուգվայը, Լիտվան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, Գերմանիան, Հոլանդիան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, ԱՄՆ 42 նահանգներ, ինչպես նաև Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի խորհրդարանները, Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը և Լեհաստանի սեյմը, Վատիկանը, Եվրախորհդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը։ -0-