«Եվրատեսիլ 2015» երգի միջազգային մրցույթը կանցկացվի Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում «Կամուրջներ կառուցելով» կարգախոսով։ Այդ կարգախոսը խորհրդանշում է բոլորին միավորող Եվրոպան, քանի որ կազմակերպիչները կարծում են, որ «Եվրատեսիլը» մշակույթներ և լեզուներ է միավորում։ 

Մրցույթի տարբերանշանն այս տարի ունի թափանցիկ մոլորակի տեսք, որի վրայով անցնում են կամուրջներ` ներկայացնելով տարբեր երկրների առանձնահատկություններն ու արտիստների ընդհանրությունները։ Այս տարի մրցույթին կմասնակցի 39 երկիր` Հայաստանը, Ալբանիան, Ավստրիան, Ադրբեջանը, Բելառուսը, Բելգիան, Կիպրոսը, Չեխիան, Դանիան, Էստոնիան, Ֆինլանդիան, Ֆրանսիան, Մակեդոնիան (նախկին Հարավսլավիայի մասն է), Վրաստանը, Գերմանիան, Հունաստանը, Հունգարիան, Իսլանդիան, Իռլանդիան, Իսրայելը, Իտալիան, Լատվիան, Լիտվան, Մալթան, Մոլդովան, Մոնտենեգրոն, Նիդեռլանդները, Նորվեգիան, Լեհաստանը, Պորտուգալիան, Ռումինիան, Ռուսաստանը, Սան Մարինոն, Սերբիան, Սլովենիան, Իսպանիան, Շվեդիան, Շվեյցարիան և Մեծ Բրիտանիան։

Մի քանի երկրներ, այդ թվում` Ուկրաինան, Բուլղարիան, Բոսնիան և Հերցեգովինան, Սլովակիան, Թուրքիան, Լիխտենշտեյնը և Լյուքսեմբուրգը տարբեր պատճառներով հրաժարվել են մասնակցել մրցույթին։ 

«Եվրատեսիլ 2015» մրցույթի կիսաեզրափակիչ փուլերը կկայանան մայիսի 19–ին և 21–ին, իսկ եզրափակիչը` մայիսի 23–ին։ Հայաստանը հանդես կգա առաջին կիսաեզրափակչում` մայիսի 19-ին` երկրորդ համար ներքո։

Աջակցենք մերոնց

2015 թվականը նշանակալի է հայ ժողովրդի կյանքում` Հայոց ցեղասպանության հարյուրերորդ տարելիցի տարին է։ Տարի, երբ հայ ժողովուրդը և ամբողջ քաղաքակիրթ աշխարհը հարգանքի տուրք են մատուցում մեկուկես միլիոն անմեղ զոհերի հիշատակին։ Թեև «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթն ավանդաբար համարվում է քաղաքականությունից դուրս մրցույթ, Հայաստանը չէր կարող չօգտագործել այդ հեղինակավոր հարթակը, որպեսզի հերթական անգամ հիշեցներ աշխարհին իր պատմության այդ ողբերգական էջի մասին։ 

Այդ իմաստով 2015 թվականը չափազանց խորհրդանշական է մեր երկրի համար։ Այդ իսկ պատճառով տվյալ երաժշտական մրցույթում ներգրավված մասնակիցները և հենց երգը կրում են այդ ողբերգական օրվա հետքը` մարդկանց ևս մեկ անգամ հիշեցնելու համար, թե ինչ է վերապրել հայ ժողովուրդը Ցեղասպանության տարիներին, ինչպես է գոյատևել օտարության մեջ և կրկին վերածնվել։

2015 թվականին Հայաստանը Վիեննայում կներկայացնի ոչ թե պարզապես խումբ կամ կատարող` ընտրված այս կամ այն սկզբունքով, այլ հատուկ մրցույթի համար ստեղծված Genealogy խումբը, որի կազմում են էթնիկ հայ երգիչներ հինգ մայրցամաքներից, ինչպես նաև երգչուհի Հայաստանից։ Մրցույթի վեց մասնակիցները դարձել են Հայոց ցեղասպանության 100–րդ տարելիցին նվիրված միջոցառումների տարբերանշանի` անմոռուկի յուրօրինակ խորհրդանիշ (ծաղկի հինգ ծաղկաթերթ և մեկ միջուկ)։

Խմբի վեց մասնակիցներն են ֆրանսահայ երգիչ Եսայի Ալթունյանը (Essaï), երգչուհի Թամար Կապրելյանն ԱՄՆ–ից, Աֆրիկան ներկայացնում է եթովպահայ երգիչ Վահե Թիլբյանը (Vahe Tilbian), Ասիան ներկայացնում է Ճապոնիայում բնակվող Ստեֆանի Թոփալյանը (Stephanie Topalian), Ավստրալիան ներկայացնում է օպերային երգչուհի Մերի-Ջին Օ’Դոհերթի Վասմաթզյանը (Mary-Jean O’Doherty (Vasmatzian), Հայաստանը` Ինգա Արշակյանը։

Ենթադրվում էր, որ խումբը պետք է կատարի «Don’t deny» («Մի ժխտիր») երգը, սակայն լսումների ժամանակ «Եվրատեսիլի» կազմակերպիչներն առաջարկել են փոխել երգի անվանումը` երգի ենթատեքստի շուրջ ցանկացած շահարկում բացառելու և խաղաղության, սիրո ու միաբանության գաղափարն ուժեղացնելու համար։ Այսպիսով, հայկական երգը կներկայացվի «Face The Shadow» («Դեմ առ դեմ ստվերի հետ») անվանումով։ 

Ոչ մեծ տեղեկանք եվրոպական երաժշտական մրցույթի պատմությունից 

2006

Ամեն ինչ սկսվեց 2006 թվականին Հունաստանում, երբ Անդրեն «Without Your Love» երգով մրցույթի եզրափակչում զբաղեցրեց ութերորդ տեղը Հայաստանի համար դեբյուտային տարում` դրանով իսկ հաջող մեկնարկ ապահովելով մեր կատարողներին։ 

Իսկ այդ ժամանակ հաղթող դարձավ Ֆինլանդիայից Lordi էքսցենտրիկ ռոք–խումբը` «Hard Rock Hallelujah» երգով։  

Քվեարկության արդյունքներով Հայաստանին շնորհեցին`

12 միավոր` Բելգիան և Ռուսաստանը

10 միավոր` Հունաստանը, Նիդեռլանդները, Թուրքիան, Ֆրանսիան

8 միավոր` Բելառուսը, Իսրայելը, Իսպանիան, Ուկրաինան։

 

2007

Հայաստանը Ֆինլանդիայի մայրաքաղաքում ներկայացրեց Հայկոն «Anytime You Need» երգով։ Եվ կրկին 8–րդ տեղն` արդեն Հելսինկիում, որտեղ հաղթող ճանաչվեց սերբ Մարիա Սերֆովիչի «Աղոթք» երգը։ 

Հայաստանին շնորհեցին`

12 միավոր` Վրաստանը, Թուրքիան

10 միավոր` Բելգիան, Նիդեռլանդները, Լեհաստանը, Ռուսաստանը, Ֆրանսիան, Չեխիան

8 միավոր` Իսպանիան, Կիպրոսը, Բուլղարիան։

 

2008

2008 թվականին Բելգրադը գրավելու մեկնեց Սիրուշոն, և դա նրան գրեթե հաջողվեց։ Նրա զբաղեցրած 4–րդ տեղը «Qele-Qele» երգով այս պահին Հայաստանի լավագույն արդյունքն է։ Իսկ «Եվրատեսիլ-2008»–ի հաղթող դարձավ ռուս Դիմա Բիլանը «Believe» երգով։ 

Հայաստանին շնորհեցին`

12 միավոր` Վրաստանը, Ֆրանսիան, Նիդեռլանդները, Ռուսաստանը, Բելգիան, Չեխիան, Հունաստանը

10 միավոր` Թուրքիան, Իսպանիան, Կիպրոսը

8 միավոր` Իսրայելը, Սան–Մարինոն, Բուլղարիան։

 

2009

Քույրեր Ինգա և Անուշ Արշակյանների «Jan-Jan» կոմպոզիցիան եզրափակեց Մոսկվայի «Օլիմպիական» պալատում կայացած «Եվրատեսիլ-2009»–ի տասնյակը։ Նորվեգիան ներկայացնող բելառուս Ալեքսանդր Ռիբակի «Հեքիաթը» ստացավ ռեկորդային թվով միավորներ մրցույթի անցկացման ողջ պատմության ընթացքում։ 

Հայաստանին տվեցին`

12 միավոր` Իսրայելը

8 միավոր` Չեխիան

 

2010

Ընդհանուր քվեարկության արդյունքներով Օսլոյում անցկացված «Եվրատեսիլ-2010» երգի միջազգային մրցույթում «Apricot Stone» («Ծիրանի կորիզ») երգով Հայաստանը ներկայացրեց Եվա Ռիվասը, ով եզրափակչում զբաղեցրեց 7–րդ տեղը։ Իսկ հաղթող դարձավ Գերմանիայի մասնակից Լենա Մայեր–Լանդրուտը «Satellite» երգով։ 

Հայաստանին շնորհեցին`

12 միավոր` Նիդեռլանդները, Ռուսաստանը, Իսրայելը

10 միավոր` Վրաստանը

8 միավոր` Բուլղարիան, Իսպանիան։

 

2011

Դյուսելդորֆում «Եվրատեսիլ-2011» 56–րդ մրցույթում առաջին անգամ Հայաստանը չանցավ եզրափակիչ։ Մեր ներկայացուցիչ Էմմիին չբավարարեց ընդամենը մեկ միավոր։ 

Այդ մրցույթի հաղթողներ դարձան Ադրբեջանի ներկայացուցիչներ Էլդար Հասիմովը և Նիգյար Ջամալը (ովքեր հանդես էին եկել Ell և Nikki անուններով) «Running Scared» երգով։ 

 

2012

2012 թվականին մրցույթն անցկացվում էր Բաքվում։ Հայաստանը վերջին պահին երգի միջազգային մրցույթի մասնակցության հայտ ներկայացրեց, բայց մարտի 7–ին պաշտոնապես հրաժարվեց մասնակցությունից։

Իսկ մրցույթի հաղթող դարձավ շվեդ երգչուհի Լորինն «Euphoria» երգով։

2013

Հայկական կողմը հաստատեց «Եվրատեսիլ» մրցույթին իր մասնակցությունը, որտեղ Հայաստանը ներկայացնում էր Dorians խումբը «Lonely Planet» երգով։ Ցավոք, ռոք–խումբը զբաղեցրեց ընդամենը 18–րդ տեղը։ 

Առաջին տեղը նվաճեց դանիացի մասնակից Էմիլի դը Ֆորեստն «Only Teardrops» երգով։

Հայաստանին 10 միավոր տվեց Վրաստանը։ 

 

2014

Կոպենհագենում հայկական պատվիրակությունը ներկայացրեց Արամ MP3–ը «Not Alone» երգով։ Արամը զբաղեցրեց 4–րդ տեղը` հավաքելով 174 միավոր։ Շատերը հայ կատարողի համար հաղթանակ էին կանխատեսում։ Youtube–ում երգի դիտումների թիվը 1 շաբաթում անցավ 1 միլիոնի շեմը։ Սակայն «Եվրատեսիլ-2014»–ի հաղթող դարձավ մորուսավոր «կին» Կոնչիտա Վուրստն Ավստրիայից, ով իր արտաքին տեսքով ապշեցրեց ինչպես մրցույթի մասնակիցներին, այնպես էլ հանդիսատեսին` սկանդալային փառքի արժանանալով։ 

Հայաստանին շնորհեցին`

12 միավոր` Վրաստանը, Ֆրանսիան, Ավստրիան

10 միավոր` Չեռնոգորիան, Ուկրաինան, Բելառուսը, Լատվիան

8 միավոր` Մակեդոնիան, Ռուսաստանը։

 

Կարեն Ավետիսյան՝ հատուկ «ԱՌԿԱ Style»–ի համար