ArmStyle

2014 թվականը դժվար, բայց միաժամանակ արգասաբեր ու նվաճումներով լի էր Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի համար: 2014-ի համերգաշրջանը նվագախումբը սկսեց Քշիշտոֆ Պենդերեցկու 80-ամյա հոբելյանին նվիրված համերգով` բացելով Պենդերեցկու օրերը Հայաստանում: Իսկ տարեվերջին բեմ բարձրացավ «Հայֆիլմ նոն ստոպ» համերգային ծրագիրը՝ հայկական ֆիլմերի սաունդթրեքներով։

Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը դեկտեմբերի 29-ին հրավիրած ասուլիսում ամփոփեց տարին` ներկայացնելով 2014-ին նվագախմբի ունեցած կարևորագույն ձեռքբերումները:

Նա մեծ հաջողություն համարեց նվագախմբի մասնակցությունը մի շարք միջազգային նախագծերի. 2014-ի մարտին նվագախումբը Բեյրութում հանդես եկավ այնտեղ անցկացվող Ալ Բուստան միջազգային փառատոնին, իսկ որպես պաշտոնական նվագախումբ՝ ելույթ է ունեցավ Չինաստանի Ֆոշան քաղաքում անցկացված Ֆրեդերիկ Շոպենի անվան երիտասարդ դաշնակահարների միջազգային 9-րդ մրցույթին։ 
 
euronews.com-ի ուղիղ եթերում

Նվագախմբի տարվա ձեռքբերումներից էին երկու մեծ փառատոները՝ Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնը՝ Տերտերյան ֆեստը, և Արամ Խաչատրյանի անվան 2-րդ միջազգային փառատոնը. վերջինը մեկնարկեց դիջեյ Սուիչի (DJ Switch)-ի հետ համատեղ էքսպերիմենտալ համերգով։ 

2013 թվականին Երիտասարդական նվագախումբը նախաձեռնեց հայ ականավոր կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի անվան երաժշտական միջազգային փառատոնը, որը դարձավ տարվա վառ իրադարձություններից մեկը: Փառատոնի շրջանակում նախորդ տարի մեծ հաջողությամբ դասական երաժշտության համերգներ անցկացվեցին Հայաստանում և արտերկրում։ Ինչպես նշեց նվագախմբի գլխավոր դիրիժորը, փառատոնն անցավ մեծ ոգեշնչմամբ և ունեցավ շարունակություն այս տարի: 

«Տպավորություն էր ստեղծվել, թե փառատոնն արդեն երկար տարիների պատմություն ունի։ Բավական հետաքրքիր էր այն արտիստների արձագանքը, ովքեր գալիս էին Հայաստան: Նրանք հարցնում էին` քանի՞ տարեկան է փառատոնը: Այդ մեծ արձագանքը, այն գիտակցությունը, որ փառատոնն ունի կոնտենտ, մեզ դրդեց ընթացք տալ 2013-ին սկսած գործին: Եվ այս տարի եղավ Արամ Խաչատրյանի անվան միջազգային 2-րդ փառատոնը: Դեկտեմբերի 4-ին տեղի ունեցավ փառատոնի փակման գալա-համերգը: Այն կարելի է անվանել դասական երաժշտության ֆորմատի մեգանախագիծ. հնչեց Արամ Խաչատրյանի թիվ 3 սիմֆոնիան, որն ավելի քան 20 տարի չէր հնչել Հայաստանում»: 

Փառատոնի ողջ ընթացքում բոլոր համերգները ցուցադրվեցին առցանց տիրույթում: 20-րդ դարի ազգային, քաղաքական ու պետական գործիչ Արամ Մանուկյանին նվիրված եզրափակիչ համերգը հեռարձակվեց euronews.com կայքի ուղիղ եթերում` ունենալով շուրջ 300 հազար հանդիսատես: 

Այսպիսով սկիզբ դրվեց Եվրանյուզ — Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբ համագործակցությանը: Սերգեյ Սմբատյանի խոսքով` այս փաստը խոսում է նվագախմբի միջազգային մեծ հաջողության մասին: «Հայաստանում առկա արժեքների մասին գիտենք բոլորս, բայց այդ արժեքները միջազգային հանրությանը ներկայացնելը մեծագույն ձեռքբերում է»,- նշեց երիտասարդ դիրիժորը: 

Non-Stop-ը չընդհատվեց

Նվագախումբն այս տարի շարունակեց «Hollywood Non-Stop» հաջողված նախագիծն այլ ձևաչափով` Cartoon Non-Stop համերգաշարով, որի ընթացքում հնչեցին հայտնի մուլտֆիլմների երաժշտություններ և «Հայֆիլմ Non-Stop» ծրագրով, որտեղ ներկայացվեցին հայկական սիրված ֆիլմերի սաունդթրեքերը: «Երկուսն էլ էնեգիայով լի նախագծեր էին: Իսկ հանդիսատեսի արձագանքը խոսում էր նախագծերի հաջողության մասին: Ճիշտ է` մայրաքաղաքում մշակութային հագեցած կյանք կա, բայց այդուհանդերձ կարծում եմ` հայ հասարակությունը նոր խոսքի կարիք ունի: Անպայման չէ, որ բոլորն այդ նոր խոսքից զարմանան: Խոսքը մատուցման նոր ձևի մասին է: Նվագախումբը 2014-ի ընթացքում ապացուցեց, որ կա երաժշտություն, կա աշխատելաոճ, նոր մոտեցում, որը բերում է մեծ հաջողություն»:  

2015-ը` բարդ և պատասխանատու 

Նվագախումբը արտերկրում հանդես գալու բազմաթիվ առաջարկներ է ստացել 2015-ին, որոնցից առայժմ հաստատվել են 3-ը. նվագախումբն արդեն երկրորդ անգամ կմասնակցի Բեյրութի Ալ Բուստան միջազգային փառատոնին, կլինի Եվրոպայում, Ասիայում։ «Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբն այսօր արտասահմանում հետաքրքրություն է առաջացնում այն մարդկանց մոտ, ովքեր մտածում են, թե ինչ նվագախումբ կարելի է հրավիրել»,- նշեց դիրիժորը։

Խոսելով 2015թ. խորհրդի մասին՝ նա նշեց, որ Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվագախումբը նախապատրաստում է մեծ նախագիծ։ «2015-ը բարդ ու պատասխանատու տարի է լինելու բոլորիս համար, մենք պետք է կարողանանք մեր ուղերձները հասցնել աշխարհին»,- ամփոփեց Սերգեյ Սմբատյանը։ -0-