ArmStyle

«Երևանյան միջազգային կիթառի փառատոնը» առաջին անգամ կկայանա հուլիսի 6-24–ը Երևանի Կիթառահարների ասոցիացիայի և Գերմանիայի Վուպպերտալի Կիթառահարների միջազգային ասոցիացիայի նախաձեռնությամբ, «ԱՌԿԱ Style»-ին հաղորդել է փառատոնի գեղարվեստական ղեկավար Ժորա Սարգսյանը։

Փառատոնի պաշտոնական բացումը տեղի կունենա հուլիսի 6–ին Կամերային երաժշտության տանը։ Համերգին ելույթ կունենան «Երևանի միջազգային կիթառի փառատոնի» գեղարվեստական ղեկավար, Երևանի Կիթառահարների ասոցիացիայի նախագահ, Գերմանիայի Վուպպերտալի Կիթառահարների Միջազգային Ասոցիացիայի փոխնախագահ, միջազգային մրցույթների դափնեկիր՝ Ժորա Սարգսյանը (Հայաստան/Գերմանիա) և միջազգային մրցույթների դափնեկիր՝ Դավիթ Դյակովը (Գերմանիա/Բուլղարիա):

Փառատոնի նպատակն է միջազգային մակարդակի բարձրացնել Հայաստանում դասական կիթառի արվեստը: Այն հնարավորություն է տալիս հայ դասական կիթառահարներին ծանոթանալ դասական կիթառի միջազգային դպրոցին:

Փառատոնի շրջանակներում տեղի կունենան բազմաթիվ համերգներ և վարպետության դասեր Երևանի առաջնակարգ դահլիճներում: Փառատոնի հյուրերն են  հանրաճանաչ դասական կիթառահար, միջազգային մրցույթների դափնեկիր` Դավիթ Դյակովը (Գերմանիա/Բուլղարիա), Մոսկվայի «Կիթառի Վիրտուոզներ» միջազգային փառատոնի գեղարվեստական ղեկավար, ռուսաստանի Գնեսինի անվան երաժշտական ակադեմիայի և Մոսկվայի Մշակույթի պետական համալսարանի պրոֆեսոր, միջազգային մրցույթների դափնեկիր՝ Արտյոմ Դերվոեդը (Ռուսաստան), հայտնի կոմպոզիտոր-կիթառահար, Նայմեգենի Պետական համալսարանի պրոֆեսոր՝ Ռոլֆ Ստրավերը (Նիդեռլանդներ):

Տեղի կունենա նաև Ռոլֆ Ստրավերի « Stimmen der Vergangenheit» (ձայներ անցյալից) կամերային ստեղծագործության միջազգային պրեմիերան, որը նվիրված է Հայոց Մեծ Եղեռնի 100 ամյակին՝ գրված հատուկ Ժորա Սարգսյանի համար:

«ԱՌԿԱ Style»–ը փառատոնի ինֆորմացիոն հովանավորն է։ -0-