ArmStyle

Արվեստի հայ գործիչները հինգշաբթի Երևանում ներկայացրել են ութ ձայնասկավառակներից բաղկացած «100 հայկական մեղեդիներ» հավաքածուն, որը նվիրված է Հայոց ցեղասպանության 100–րդ տարելիցին։

«Հավաքածուի ութ սկավառակներից յուրաքանչյուրում ներկայացված են տարբեր ժանրերի մի քանի ստեղծագործություններ, որոնք ստեղծված են հայ կոմպոզիտորների կողմից տարբեր ժամանակաշրջաններում», – շնորհանդեսի ժամանակ նշեց ՀՀ մշակույթի փոխնախարար Արթուր Պողոսյանը։

Նրա խոսքով` ձայնասկավառակներում ներառված են ազգագրական և գուսանական երգեր, ջազային, ռոք և փոփ ոճերի ստեղծագործություններ, սիմֆոնիկ, գործիքային և երգչախմբային ստեղծագործություններ, ինչպես նաև օպերայի և բալետի երաժշտություն։

«Մենք պարտավոր ենք թվայնացված տեսքով պահպանել մեր մշակութային ժառանգությունը, ինչպես նաև փորձել տարածել այն հայկական սփյուռքի շրջանում», – ասաց Պողոսյանը։

Նա նշեց, որ ևս մի խնդիր է տարածել հայկական մշակութային ժառանգությունը երաժշտական, արվեստի դպրոցներում։

Փոխնախարարն ավելացրեց, որ հավաքածուի վրա աշխատած թիմը բազմաթիվ տարիների ընթացքում հսկայական աշխատանք է կատարել, և այս հավաքածուն, որը նվիրված է Հայոց ցեղասպանության 100–րդ տարելիցին, լավագույններից մեկն է։

Նա նաև պարզաբանեց, որ ձայնասկավառակների հավաքածուն լույս է տեսել ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի բարձր հովանու ներքո։

Միաժամանակ երաժշտական հանրության ներկայացուցիչներն ափսոսանք են հայտնել այն կապակցությամբ, որ նրանց չի հաջողվել մասնակցել հավաքածուի պատրաստման և ստեղծագործությունների ընտրության գործընթացին։ Այսպես, Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանը նշեց, որ եթե նախաձեռնության կազմակերպիչները դիմեին միությանը, ապա հավաքածուն կարող էր ավելի բազմազան և հետաքրքիր լինել։

«Կոմպոզիտորների միության արխիվում կան ժապավենների վրա ձայնագրված ստեղծագործություններ, որոնք կարող էին տեղ գտնել հավաքածուում», – ասաց Սաթյանը։

Հայտնի ջազային կատարող Վահագն Հայրապետյանը, ով ծանոթացել է ձայնասկավառակներին շնորհանդեսի օրը, նշեց, որ ուրախ  կլիներ, եթե իրեն ժամանակին իրազեկեին այս գաղափարի մասին, որպեսզի ինքը կարողանար մասնակցել նախագծին։

«Հաշվի առնելով այս ձայնասկավառակների դերակատարությունը` ավելի լավ կլինի, եթե նոր հավաքածուն ներկայացվի աշխարհում և տարբեր միջազգային հարթակներում, քանի որ որակյալ աշխատանք է իրականացվել», – ավելացրեց Հայրապետյանը։ -0-