ArmStyle

Երևանում հունիսի 18–ից հուլիսի 4–ը տեղի կունենա «Ազգային պատկերասրահ» XI միջազգային երաժշտական փառատոնը, հաղորդում են փառատոնի կազմակերպիչները։

Փառատոնն անցկացնում է «Արվեստների պատկերասրահ» մշակութային հիմնադրամը` Հայաստանի մշակույթի նախարարության աջակցությամբ։

Բացման պաշտոնական արարողությունը կկայանա հունիսի 18–ին։ Համերգին կմասնակցի Հայաստանի Պետական կամերային նվագախումբը` դիրիժոր Հարություն Արզումանյանի ղեկավարությամբ, ում ուղեկցությամբ ելույթ կունենան դաշնակահարուհի Սվետլանա Նավասարդյանը, Օպերային և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մենակատարներ Արծվիկ Դեմուրչյանը (սոպրանո) և Քրիստինե Սահակյանը (մեցցո–սոպրանո)։ Երաժիշտները կկատարեն Պերգոլեզեի «Ստաբատ մատերը» և Բախի «Դաշնամուրի համար ռե–մինոր կոնցերտը»։

Հունիսի 21–ին կկայանա երաժշատական երեկո` նվիրված Երաժշտության համաշխարհային օրվան։ Դրան կմասնակցեն Գայանե Գեղամյանը (սոպրանո) և Սեդրակ Երկանյանը (դաշնամուր), որոնք կկատարեն ֆրանսիացի և իսպանացի կոմպոզիտորների վոկալային ստեղծագործություններ։

Հուլիսի 24–ին տեղի կունենա կամերային երաժշտության երեկո։ Միջազգային մրցույթների դափնեկիր Հասմիկ Վարդանյանը (թավջութակ) և Նառա Ավետիսյանը (դաշնամուր, ԱՄՆ) կկատարեն Շոպենի, Բրամսի, Շոստակովիչի և Սոլիմի ստեղծագործությունները։

Հունիսի 27–ին կկազմակերպվի գործիքային երաժշտության երեկո, որին կմասնակցի բազմաթիվ միջազգային մրցույթների դափնեկիր, բայանահար Իոսիֆ Պուրիցը (Ռուսաստան)։ Համերգի ծրագիրը բավական ընդգրկուն է, կհնչեն այնպիսի կոմպոզիտորների ստեղծագործություններ, ինչպիսիք են Մուսորգսկին, Վիվալդին, Սկարլատին, Պրոկոֆևը, Պյացոլան, Բարտոկը, Շչեդրինը։

«Ազգային պատկերասրահ» փառատոնը կավարտվի հուլիսի 4–ին գալա–համերգով։ «Օպերային արվեստի մարգարիտներ» անվանումով վոկալային երեկոյին կմասնակցեն տաղանդավոր երաժիշտներ Վարդուհի Խաչատրյանը (մեցցո–սոպրանո, Շվեյցարիա), Լիպարիտ Ավետիսյանը (տենոր), Դավիթ Բաբայանցը (բարիտոն), Արմեն Աղաջանյանը (դաշնամուր)։ Համերգի ծրագրում ներառված են հայկական, ռուսական և արևմտաեվրոպական կոմպոզիտորների ստեղծագործություններ։

Բոլոր համերգները տեղի կունենան Հայաստանի Ազգային պատկերասրահի Որմնանկարների սրահում։

«ԱՌԿԱ Style»–ը փառատոնի տեղեկատվական հովանավորն է։ -0-