ArmStyle

Հայաստանի արվեստի վաստակավոր գործիչ պրոֆեսոր Հրաչյա Բոգդանյանի 100 ամյակին նվիրված ջութակահարների միջազգային մրցույթ–փառատոնի շրջանակում նախօրեին Երևանում գալա–համերգ է անցկացվել։ Համերգին մասնակցել են բոլոր մրցողները` Հայաստանի,  Ռուսաստանի, Վրաստանի և Լիբանանի տաղանդավոր ջութակահարները։ 

«Ի սկզբանե մասնակցության 26 հայտ էր ներկայացվել, այնուհետև 5–ը հրաժարվեցին մասնակցությունից, և հաղթանակի համար պայքարեցին 21 մասնակիցներ»,– «ԱՌԿԱ Style» գործակալությանը հայտնեց Աջակցության հայկական հիմնադրամի հաղորդակցությունների պատասխանատու Սառա Խոջոյանը։

Նա նշեց, որ գալա–համերգին մասնակցել են մինչև 16 տարեկան վեց ջութակահարներ և 16–ից 30 տարեկան 15 մասնակիցներ։ 

Մինչև 16 տարեկան տարիքային խմբում մրցանակը կիսել են Դիանա Ադամյանը (Հայաստան) և Անդրեյ Զաբավնիկովը (Ռուսաստան), երկրորդ մրցանակակիրն Էլիզաբեթ Առաքելյանն է (Հայաստան)։ 

16-30 տարեկան տարիքային խմբում հաղթող է դարձել Պոլինա Բորիսվան` Ռուսաստանից, երկրորդ տեղը զբաղեցրել է Արաքս Պողոսյանը (Հայաստան), երրորդ տեղը կիսել են Անի Փարսադանյանը (Հայաստան), Իհաբ Ջամաիլը (Լիբիա), Մարիամ Մամամդաշվիլին (Վրաստան) և Լիլիթ Անտոնյան (Հայաստան)։ Ժյուրիի որոշմամբ նաև որոշվել է սահմանել չորրորդ տեղը, որը կիսել են Հայաստանի ներկայացուցիչներ Դավիթ Քոսեմյանը և Ռազմիկ Հովհաննիսյանը։  

Մրցույթ–փառատոնն անցկացվել է Երևանում դեկտեմբերի 20-25–ը։ Ժյուրիի նախագահն էր Մոսկվայի Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր Արա Բոգդանյանը։ 

Միջոցառման կազմակերպիչներն են Հայաստանի աջակցության հիմնադրամը և Երևանի պետական կոնսերվատորիան, որն արդեն երկրորդ տարին է` մրցույթներ է կազմակերպում։ Նախորդ տարի մայրաքաղաքում կլարնետահարների մրցույթ էր անցկացվել։ -0-