ArmStyle

Հինգշաբթի ուշ երեկոյան Երևանի ակումբներում ռեփի սիրահարները մի քանի պրեմիերայի ականատեսը դարձան։ Ակումբներից մեկում այս ժանրի երաժշտասերների համար միանգամից չորս կարևոր իրադարձություն ին պատրաստել` newpeople.am կայքի գործարկումը, Միշոյի «Ազգս չար ա», Արտո Թունջբոյաջյանի և A.CHILLA–ի «Վայելիր» և «Ռեինկարնացիա» խմբի մեներգիչ Ռոլանդ Գասպարյանի «Սպիտակ» հոլովակների շնորհանդեսները։

Անակնկալ էր նաև հայ ամենահայտնի ռեփերներից մեկի` Միշոյի ելույթը` բենդի ուղեկցությամբ։ Երգիչը խոստովանեց, որ առաջին անգամ է ելույթ ունենում բենդի հետ։

Բացի երեք հոլովակների ցուցադրությունից, հավաքվածների համար ելույթ ունեցան հանդիսության գլխավոր հերոսները` ռեփեր Միշոն, «Ռեինկարնացիա» խումբը, Ֆելիքս Խաչատրյանը, դիջեյ Սերժոն և այլ հայտնի երաժիշտներ։ Հնչեցին հայտնի և նոր երգեր։

Ռեփի սիրահարների ուրախությունը չխափանեց անգամ այն հանգամանքը, որ Արտո Թունջբոյաջյանը ներկա չէր երեկոյին. նրանք երգչի հետ կապ հաստատեցին Skype–ի միջոցով, ու թեև կապի որակն այնքան էլ բարձր չէր, այնուհանդերձ հայտնի երգիչը ներկաների համար մի հատված երգեց իր երգից։

Ու որքան էլ ռեփը ռիթմիկ ընթերցանություն է, որը կարդում են բիթի ներքո, և ժամանակակից տեսքով այն հայտնվել է Բրոնքսի աֆրոամերիկացիների շրջանում, այնուամենայնիվ արդեն կարելի է ասել, որ այն իր ուրույն տեղն է գտել նաև Հայաստանում, որտեղ վերջին տարիներին հիմնականում վերոնշյալ երաժիշտների շնորհիվ ռեփը դարձել է երիտասարդության էմոցիաների  արտահայտման հարազատ և պահանջված ձևերից մեկը։

Ռեփի երեկոն հաջողությամբ ավարտվեց, իսկ նրանք, ովքեր չկարողացան մասնակցել երեկոյին, կարող են սիրած երաժշտությունը լսել http://newpeople.am/ կայքում։ Ինչպես ասում են` ռեփ forever: 

Համերգի լուսանկարները՝ այստեղ: -0-