ArmStyle

Աշխարհահռչակ «Շողակն» համույթը համերգ կունենա Երևանում։ Ելույթը տեղի կունենա «Թատրոն 32»–ում։ Այդ մասին «ԱՌԿԱ Style» գործակալությանը հայտնեց համույթի ներկայացուցիչը։

Համույթի անդամները կատարում են հայկական ավանդական ժողովրդական երաժշտություն։ «Շողակնը» աշխարհին ներկայացնում է պատմական Հայաստանի տարբեր շրջանների երաժշտությունը` իր առաքելությունը համարելով Կոմիտասի ավանդույթների պահպանումը և փոխանցումը հաջորդ սերունդներին։ 

«Շողակն» համույթը ստեղծվել է 1995 թվականին։ Համույթում հանդես են գալիս  Գևորգ Դաբաղյանը, Հասմիկ Հարությունյանը, Կարինե Հովհաննիսյանը, Լևոն Թևանյանը, Վարդան Բաղդասարյանը, Ալեքսան Հարությունյանը, Կամո Խաչատրյանը, Գրիգոր Թագուշյանը։ Երաժիշտները նվագում են դուդուկ, զուռնա, դհոլ, քանոն և հայկական ազգային այլ գործիքներ։ 

Համույթը մենահամերգներով ելույթ է ունեցել ԱՊՀ երկրներում, Եվրոպայում, Մերձավոր Արևելքում և ԱՄՆ–ում։ «Շողակնը» մի քանի սկավառակ է թողարկել, որոնք արժանացել են մի շարք հեղինակավոր պարգևների։ 

«ԱՌԿԱ Style»–ը համերգի տեղեկատվական հովանավորն է։ -0-