ArmStyle

«Երաժշտություն` հանուն խաղաղության» միջազգային բարեգործական նախագծին մասնակցող երաժիշտները փետրվարին Հայաստանում կանցկացնեն մի շարք համերգներ և վարպետության դասեր։

Մասնավորապես, Երևանում համերգը տեղի կունենա փետրվարի 4–ին Կամերային երաժշտության տանը, որին կմասնակցեն բազմաթիվ միջազգային մրցույթների դափնեկիր երաժիշտներ, մասնավորապես` դաշնակահարուհի Մարիա Նեմցովան և սաքսաֆոնահար Վիտալի Վատուլյան։ Կհնչեն Բախի, Բրամսի, Շումանի, Գրիգի, Չայկովսկու, ինչպես նաև Կոմիտասի և Խաչատրյանի ստեղծագործությունները։ 

«Հայաստանում արդեն երկրորդ անգամ կազմակերպվող այս բարեգործական նախագծի հիմնական նպատակն է կազմակերպել ելույթներ այն երկրներում, որտեղ կան կամ եղել են հակամարտություններ, պատերազմներ, աղետներ», – չորեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Խաչատրյանի անվան տրիոյի մենակատար Արմինե Գրիգորյանը։ 

Նրա խոսքերով` երաժիշտները կներկայացնեն իրենց ստեղծագործությունները այդ երկրների հանդիսատեսին և արվեստագետներին ու կաջակցեն տաղանդավոր երիտասարդներին, որոնց կընտրեն վարպետության դասերի ընթացքում։ 2012 թ.–ին տեղի ունեցած նախորդ այցի ընթացքում թրեյնինգների արդյունքում ընտրվել էին դաշնակահար Անահիտ Առուշանյանն ու սաքսաֆոնահար Արթուր Քոչարյանը, ովքեր մասնակցեցին Մոսկվայում կազմակերպված եզրափակիչ համերգին։

«Այս այցի ժամանակ նախագծի մասնակիցները համերգներ կունենան և վարպետության դասեր կկազմակերպեն Էջմիածնում, Երևանում, Ստեփանակերտում։ Կատարողների կազմն այս անգամ ավելի միջազգային է, կազմում ներառվել են երաժիշտներ Գերմանիայից, Ռուսաստանից, Արգենտինայից», – ասաց Գրիգորյանը։

Դաշնակահար Մարիա Նեմցովան իր հերթին նշեց, որ նախագծի շրջանակում ընտրվում են առավել տաղանդավոր երիտասարդ երաժիշտներ։

«Մեզ համար շատ կարևոր է և նշանակալից, որ նախորդ նախագծում ներգրավվեցին երեխաներ Հայաստանից և ԼՂՀ–ից։ Հույս ունենք այս անգամ ևս բացահայտել նոր տաղանդներ», – ասաց Նեմցովան։ 

Նա նաև նշեց, որ նախագծի գաղափարը ծագել է չորս տարի առաջ։ Սկզբում նախագծի գլխավոր գաղափարն էր նոր ներդրում կատարել աղետների և հակամարտությունների գոտիների մշակութային կյանքում։ Նախագծի շրջանակում երաժիշտներն այցելել են ավելի քան 15 երկրներ` Կովկասյան տարածաշրջան, Բալկաններ, Իսրայել, Պաղեստին, Թունիս, նախատեսվում է այցելել Հնդկաստան և Ուկրաինա։

«Երազում էի այցելել Հայաստան` ընթերցելով Տոնինո Գուերայի հարցազրույցն այն մասին, որ այդ երկիրն ամբողջությամբ փոխել է իր կյանքը, որ նման բան նա աշխարհում ոչ մի տեղ չի տեսել։ Ինձ թվում է, որ այստեղ հոգևորի, մարդկային ձեռքերի անհավանական ստեղծագործությունների և բնության մեծ գանձարան է։ Դա կարելի է անվերջ դիտել և ուսումնասիրել», – ասաց Նեմցովան` ներկայացնելով Հայաստանից ստացված տպավորությունները։

Ինչ վերաբերում է նրան, որ Ղարաբաղ այցելելուց հետո երաժիշտներին կարգելվի այցելել Ադրբեջան, ապա, Խաչատրյանի անվան տրիոյի մենակատար Կարեն Շահգալդյանի խոսքերով, նրանք գիտեն այդ մասին, սակայն դա չկանգնեցրեց նրանց։ 

«Ես փոքր–ինչ կբացեմ գաղտնիության քողը նախատեսված համերգից առաջ։ Երաժիշտները համերգին «կխոսեն» հայկական երաժշտական լեզվով։ Նրանք, իմ կարծիքով,  կկատարեն Կոմիտասի մի քանի մինիատյուրաների հիանալի գործիքավորումներ սաքսոֆոնի քառյակի համար, ինչպես նաև Խաչատրյանի մի քանի մեղեդիները», – ասաց Շահգալդյանը։ -0-