ArmStyle

Հայաստանը «Եվրատեսիլ 2015» երգի միջազգային մրցույթում ներկայացնող Genealogy խմբի «Don’t deny» (Մի՛ ժխտիր) երգի պրեմիերան տեղի կունենա մարտի 12–ին։

««Don’t deny» երգն ու տեսահոլովակը կներկայացվի միաժամանակ։ Տեսահոլովակի ռեժիսորը Արեն Բայադյանն է։ Պրեմիերան տեղի կունենա մարտի 12–ին Հայաստանի հանրային հեռուստաընկերության եթերում ժամը 21։30–ին և «Եվրատեսիլ» մրցույթի պաշտոնական կայքում (www.eurovision.tv)», — նշվում է Հայաստանի հանրային հեռուստաընկերության հաղորդագրության մեջ։ 

Genealogy խմբում ներառվել են հինգ մայրցամաքներում և Հայաստանում բնակվող հայ երգիչներ։ Արդեն հայտնի են խմբի հինգ մասնակիցների անունները` ֆրանսահայ երգիչ Եսայի Ալթունյանը (Essaï), երգչուհի Թամար Կապրելյանն ԱՄՆ–ից, Աֆրիկան ներկայացնում է եթովպահայ երգիչ Վահե Թիլբյանը (Vahe Tilbian), Ասիան ներկայացնում է Ստեֆանի Թոփալյանը (Stephanie Topalian) Ճապոնիայից և ավստրալահայ օպերային երգչուհի Մերի–Ջին Օ’Դոհերթին (Վասմաթզյան) (Mary-Jean O’Doherty (Vasmatzian)։

Հայաստանցի մասնակցի ինտրիգը կպահպանվի մինչև պրեմիերան։ Կազմակերպիչները միայն նշում են, որ հայաստանցի մասնակիցն ունի ուժեղ ձայն, և նա միավորում է մնացած հինգ ձայները։

Ինչպես նշել է «Եվրատեսիլ» մրցույթի հայկական պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանը, «Don’t deny» երգը ներքին ընտրություն է անցել Հայաստանի հանրային հեռուստաընկերությունում, որին, որպես ազգային հեռարձակող, մասնակցի և երգի ընտրության իրավունք է տրամադրված։

«Մենք համագործակցել ենք բազմաթիվ հայ կոմպոզիտորների և խոսքերի հեղինակների հետ: Հանրային հեռուստաընկերության ստեղծագործական թիմի ընտրությունը կանգ առավ կոմպոզիտոր Արմեն Մարտիրոսյանի և խոսքերի հեղինակ Իննա Մկրտչյանի  համատեղ աշխատանքի վրա: Սա այն երգն էր, որն ամենից շատ էր համահունչ 6 երգիչների, «Եվրատեսիլ»-ի ֆորմատի և  ցանկալի տրամադրության համար», – նշել է Գասպարյանը։ –0–