ArmStyle

Հայտնի DJ Սերժոն մայիսի 29–ին ներկայացրեց իր 6–րդ ձայնասկավառակը, որը կոչվում է «Colors» (Գույներ)։ Երգիչը նոր ձայնասկավառակի, նոր երգերի և նոր ծրագրերի մասին է խոսել «ԱՌԿԱ Style»–ի հետ։

– Ինչպե՞ս ծագեց ձայնասկավառակ ստեղծելու գաղափարը։ Ինչպե՞ս եք ընտրել անվանումը։

Սերժո – Քանի որ իմ վերջին ձայնասկավառակը թողարկվել էր չորս տարի առաջ, այս տարիներին կուտակված աշխատանքներիս մի մասն ընդգրկվել է այս ձայնասկավառակում։ Դա էլեկտրոնային ձևաչափի երաժշտություն է, բայց կատարված է տարբեր տրամադրություններով, տարբեր երանգներով։ Ուստի ձայնասկավառակը կոչվում է «Colors»։

– Քանի՞ ստեղծագործություն է ներառված ձայնասկավառակում։

Սերժո – Տասներեք երգ, որոնք ձայնագրել եմ Ֆելիքս Խաչատրյանի, Էմմիի, Լիլիթի, Արթուր Ալեքի և Արամ МP3–ի հետ համագործակցությամբ։

– Ձայնասկավառակում ընդգրկված երգերն ակնհայտորեն պատահմամբ չեն ընտրվել։ Ո՞րն է ձայնասկավառակի ընդհանուր ուղերձը։

Սերժո – Ես ցանկանում եմ, որ յուրաքանչյուր ոք իմ ձայնասկավառակում գտնի իր գույնը։ Ալբոմն ընդհանուր առմամբ շատ խայտաբղետ է և ծիածան է հիշեցնում։ Ուստի յուրաքանչյուր մարդ կարող է իմ նոր ձայնասկավառակում գտնել իրեն անհրաժեշտ տրամադրությունը, իր հոգեվիճակին մոտ գույնը։

– Ծիածանի յոթ գույներից ո՞րն է գերակշռում ձայնասկավառակում։

Սերժո – Ձայնասկավառակի շապիկը, որը ստեղծել է իմ ընկեր Վահան Ստեփանյանը, գույների բազմազան գամմա է, նուրբ համադրություն։ Բոլոր գույները միասին ստեղծում են մեկ երանգ։

– Ինչպե՞ս կարելի է բացատրել այն փաստը, որ վերջին չորս տարիների ընթացքում DJ Սերժոն ոչ մի ձայնասկավառակ չի թողարկել։

Սերժո – Ուղղակի այս տարիներին ես ավելի շատ ուշադրություն էի դարձնում ակումբներում ելույթներին, կենդանի կատարմանը, համերգային գործունեությանը։ Բայց այդ ողջ ընթացքում ես ստեղծագործել եմ, այնպես որ եկավ պահը, երբ հասունացավ ձայնասկավառակ ստեղծելու գաղափարը։

– Վեցերորդ ձայնասկավառակը թողարկված է, բայց կյանքը շարունակվում է։ Ինչի՞ վրա է աշխատում DJ Սերժոն այսօր։

Սերժո – Ալբոմը թողարկելուց հետո ես ավելի շատ ուշադրություն կդարձնեմ արտասահմանյան գործունեությանս, որպեսզի այնտեղ ներկայացնեմ հայկական երաժշտությունը, մեր արտիստներին։

– Խոսքը հյուրախաղերի մասի՞ն է։

Սերժո – Ոչ միայն։ Դրանք թե՛ հյուրախաղերն են, թե՛ արտասահմանում հեղինակային երգերի տարածումը, ինչպես նաև կշարունակեմ ելույթ ունենալ ակումբներում։

«Colors» ձայնասկավառակի շնորհանդեսի լուսանկարները կարող եք դիտել այստեղ: -0-