ArmStyle

The Beautified Project հայտնի ժամանակակից հայկական ռոք–խմբի երաժիշտները ձմռան առաջին օրը ջերմացրեցին իրենց բազմաթիվ երկրպագուների սրտերը համերգով, որը տեղի է ունեցել Երևանի Հ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի բեմում։

Խմբի մենակատար Անդրե Սիմոնյանի կողմից 2005 թ.–ին Լոնդոնում ձևավորված ռոք–խմբի հանրաճանաչությունն օրեցօր աճում է, ինչի մասին են վկայում խմբի գրեթե բոլոր համերգների լեփ–լեցուն դահլիճները։

Այս երեկոն ևս բացառություն չէր։ Դահլիճում ազատ տեղ չկար, և շատերը համերգն ունկնդրեցին հոտնկայս, սակայն դա չխանգարեց երկրպագուներին հաճույք ստանալ, երգել և պարել սիրելի երաժշտության ներքո։

«Մեր համերգով նշում ենք ձմռան գալուստը։ Այսօր կհնչեն մեր երեք ալբոմների առավել հայտնի երգերը», – ելույթից առաջ «ԱՌԿԱ Style»–ին ասաց Անդրե Սիմոնյանը։

Նա նաև նշեց, որ բացի արդեն սիրված հիթերից, ներկաներին նաև պրեմիերա է սպասվում։

«Դա հակաահաբեկչական երգ է, որը կոչվում է «Black flags»։ Երգը նվիրված է այն իրադարձություններին, որոնց ժամանակ մեր շուրջ անմեղ մարդիկ են մահանում», – ասաց Անդրեն։

Ստեղծագործության պրեմիերայի ժամանակ երկրպագուները հասցրեցին սիրել երգն ու անգամ սովորել կրկներգը։

Անգլալեզու խումբն ուրախացրեց երկրպագուներին նաև հայերեն ստեղծագործությունների կատարմամբ։ Բացի այդ, ընկերներին աջակցելու էր եկել երիտասարդ երգչուհի Սոնա Ռուբենյանը, ով ներկայացրել է Հայաստանը «Նոր ալիք 2014» երգի մրցույթում։ Նա վերջերս զուգերգ է ձայնագրել The Beautified Project–ի հետ։

Երաժիշտները համատեղ ներկայացրեցին բոլորի կողմից սիրված «Wait» երգը, որի հեղինակը Սոնան է։ 

Ստեղծագործություններից մեկի կատարման ժամանակ խմբին նվագակցում էր հայտնի ռոք–երաժիշտ Եվա Սուջյանը։

Կենդանի վոկալի և գործիքային նվագակցության շնորհիվ` երաժիշտները, ինչպես միշտ, նվաճեցին երկրպագուների սրտերը, որոնց շարքերը համալրվեցին նոր երիտասարդ երկրպագուներով։ 

Համերգի ֆոտոժապավենը կարելի է դիտել այստեղ։ -0-