ArmStyle

Հայ ժողովրդի պատմության ամենաողբերգական օրվա նախաշեմին, երբ ողջ Հայաստանը և աշխարհը հարգանքի տուրք կմատուցեն Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին, Գաֆէսճեան արվեստի կենտրոնում կայացել է «Դետք» երիտասարդական խմբի «Հավիտենությունից ավելի» (Forevermore) տեսահոլովակի պրեմիերան։

Խմբի մենակատարներից մեկը` Ներսես Ավետիսյանը, «ԱՌԿԱ Style»–ին պատմեց, որ խումբը ստեղծվել է հատուկ այն բանի համար, որպեսզի իր երաժշտությամբ նպաստի Հայոց ցեղասպանության ճանաչմանը և թույլ չտա աշխարհին մոռանալ այդ սարսափելի հանցագործության զոհերի մասին։ 

««Դետք» խումբը ստեղծվել է 2015 թվականի հունվարին։ Այսօր մենք հանդիսատեսին ցույց ենք տալիս այն, ինչ մեզ մոտ ստացվել է: Տեսահոլովակի հիմնական ուղերձն այն է, որ մենք` նոր սերունդը, Հայոց ցեղասպանության թեման նորովի ենք ներկայացնելու»,– ասաց Ավետիսյանը։

«Դետք» խմբի մենակատարներն են Ներսես Ավետիսյանը, Արեգ Շահինյանը և Արման Պետրոսյանը։ Խմբի անվանումը պարզ բացատրություն ունի` «Դետքը» ռազմական եզրույթ է` երեք զինվորից բաղկացած խումբ, որի խնդիրն իրեն վստահված տարածքին հետևելն է։ 

«Հավիտենությունից ավելի» երգի երաժշտության հեղինակն Արման AMP–ն է, բառերինը` Համլետ Առաքելյանը և Անուշ Ալավերդյանը։ -0-