ArmStyle

Նախօրեին երեկոյան Երևանում տեղի է ունեցել Արամ Խաչատրյանի անվան երկրորդ միջազգային երաժշտական փառատոնի բացման արարողությունը: Փառատոնի մեկնարկը նշանավորվեց բավականին անսովոր համերգով, որը միավորեց առաջին հայացքից երկու անհամատեղելի ուղղություններ՝ դասական և ակումբային երաժշտությունը: Ա. Խաչատրյանի անվան համերգասրահի բեմում ելույթ ունեցան Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբն ու աշխարհի լավագույն դիջեյներից մեկը՝ բրիտանացի DJ SWITCH-ը:

Երևանի պետական համալսարանի 95-ամյակին նվիրված համերգից առաջ կարճ ֆիլմ ցուցադրվեց Հայաստանի ամենահին բուհի` գրեթե մեկ դար տևած ճանապարհի մասին, իսկ հետո հանդիսատեսին ողջույնի խոսքով դիմեց Հայաստանում Մեծ Բրիտանիայի արտակարգ և լիազոր դեսպան Քեթրին Ջեյն Լիչը:

«Ինձ շատ հաճելի է այս երեկո գտնվել այստեղ՝ այս համերգին, որը տարածաշրջանում եզակի է: Կարծում եմ, որ հանդիսատեսն այսօր կկարողանա ապացուցել, թե Հայաստանի ունկնդիրը որքան լավն է», — ասաց դեսպանը:

Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը՝ գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ և DMC World DJ Championship ամենամյա մրցույթում բազմաթիվ մրցանակների արժանացած DJ SWITCH-ը, ելույթ ունեցան հայ լավագույն բիթբոքսեր Բագրատ Տերտերյանի նվագակցությամբ:

Յուրաքանչյուր ստեղծագործության հետ երաժիշտների ինքնանվիրումն աճում էր, ինչից անմասն չէր մնում նաև հանդիսատեսը, մարդիկ ծափահարում էին՝ ճանաչելով հայտնի ստեղծագործությունները: Շատ ջերմ ընդունելության արժանացավ «Մատրիցա» ֆիլմի սաունդտրեկի ինքնատիպ ռեմիքսը: Ծրագիրն ավարտվեց մի քանի ստեղծագործություններով DJ SWITCH-ի կատարմամբ:

Ինչպես խոստացվել էր, համերգի ընթացքում ներկայացվեց երկու պրեմիերա՝ Գաբրիել Պրոկոֆևի «Դիջեի և նվագախմբի կոնցերտ» ստեղծագործության երևանյան պրեմիերան և երիտասարդ բրիտանացի կոմպոզիտոր Մայլս Հենքոքի «Դիջեի, բիթբոքսերի և նվագախմբի կոնցերտի» համաշխարհային պրեմիերան:

«Ամեն ինչ պարզապես հիանալի էր: Սա իմ ամենաերկար համերգն էր: Ես շատ եմ հոգնել, սակայն  ինձ ամեն ինչ դուր եկավ: Միշտ հաճույք եմ ստանում իմ աշխատանքից, և դա փոխանցվում է հանդիսատեսին: Առաջին անգամ եմ Հայաստանում, սակայն ուրախությամբ կրկին կվերադառնամ», — ասաց DJ SWITCH-ը համերգից հետո «ԱՌԿԱ Style»-ի հետ զրույցում:

Իսկ Սերգեյ Սմբատյանն ուրախությամբ փաստեց, որ համերգից սպասումներն արդարացան:

«Մենք զգացինք մեր ունկնդիրների ոգևորությունը: Ընդհանրապես, ես կարծում եմ, որ չպետք է վախենալ նոր բան փորձելուց», — ասաց Սմբատյանը:

Նա նշեց, որ սիմֆոնիկ, ժամանակակից երաժշտության և բիթբոքսի զուգակցումը որակյալ և հետաքրքիր էր:

«Տարբեր երաժշտական ժանրերի խառնուրդը միշտ կարող է յուրօրինակ հնչել, և այսօր մեզ դա հաջողվեց», — ասաց Սմբատյանը:

Նա խոստացավ, որ սրանով փորձարկումները չեն ավարտվի, և հայ երաժշտասերներին առջևում բազմաթիվ անակնկալներ են սպասում

Ֆոտոժապավենին կարելի է ծանոթանալ այստեղ: -0-