Իտալացի հայտնի ջութակահարուհի Ֆրանչեսկա Դեգոն ապրիլի 11–ին համերգ է տվել Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում։

Ելույթից մեկ օր առաջ Օպերային թատրոնի գլխավոր դիրիժոր, Հայաստանի վաստակավոր արտիստ Կարեն Դուրգարյանը պատմել է լրագրողներին, որ հայ ունկնդիրն առաջին անգամ կկարողանա լսել իտալացի կոմպոզիտոր Վոլֆ Ֆերրարիի` 20–րդ դարի 40–ական թվականներին գրված «Ջութակի և նվագախմբի համար կոնցերտը»։ 

«Աշխարհում շատ քիչ են տվյալ ստեղծագործության կատարողները։ Դեգոն նրանցից մեկն է։ Կարծում եմ` այդ տաղանդավոր ջութակահարուհին երաժշտական լուրջ ապագա ունի, և լավ է, որ մեզ հաջողվեց նրան հրավիրել Հայաստան»,– ասել է Դուրգարյանը։

Համերգը կազմակերպվել էր Հայոց ցեղասպանության 100–ամյա տարելիցին նվիրված միջոցառումների շրջանակում, որոնք կազմակերպվում են Օպերային թատրոնում:

«Ֆրանչեսկա Դեգոն առաջին անգամ է Հայաստանում։ Մոտ 20 օր առաջ մենք նրա հետ Իտալիայում համերգ ունեցանք, և այդ ժամանակ միտք ծագեց` այդ հիանալի ջութակահարուհուն հրավիրել մեզ մոտ։ Կարծում եմ, որ հայ ունկնդիրն արժանի է նման մակարդակի արտիստի ելույթը լսելու և տեսնելու»,– ասել է դիրիժորը։ 

Դուրգարյանը պատմել է, որ Հայաստանի ելույթից հետո Դեգոն կմեկնի Ռուսաստան, որտեղ կշարունակի իր համերգային ծրագիրը 

Ինքը՝ ջութակահարուհին, խոստովանել է, որ շատ երջանիկ է լինել Հայաստանում և տպավորված է հայ ժողովրդի հյուրընկալությամբ։ «Ինձ համար պատիվ է մասնակցել Հայոց ցեղասպանության 100–ամյա տարելիցին նվիրված միջոցառումներին։ Քանի որ իմ մայրը հրեական արմատներ ունի, և իմ ընտանիքի որոշ անդամներ զոհվել են Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ, ես շատ լավ եմ հասկանում «ցեղասպանություն» բառը»,– ասել է Դեգոն։

Նա նաև բարձր է գնահատել հայկական նվագախմբի պրոֆեսիոնալ մակարդակը՝ նշելով, որ ինքը միշտ հետաքրքրվում է տարբեր երկրների երաժշտական դպրոցների ուսումնասիրությամբ։ «Յուրաքանչյուր նվագախմբի հետ աշխատանքն ազդում է ջութակի իմ նվագի վրա, և ամեն անգամ նորովի է հնչում»,– ընդգծել է ջութակահարուհին։

Ֆրանչեսկա Դեգոն Իտալիայի հեղինակավոր ազգային և միջազգային մի շարք մրցույթների հաղթող է, ջութակահարների առավել հեղինակավոր պրոֆեսիոնալ մրցույթներից մեկի` Գենուայում Ն.Պագանինիի անվան միջազգային երաժշտական մրցույթի եզրափակչի մասնակից և Գենուայի մրցույթի պրոֆեսիոնալ հատուկ մրցանակի՝ «Էնրիկո Կոստայի մրցանակի» դափնեկիր։ -0-