ArmStyle

Capital Cities խմբի մենակատար Սեպուհ Սիմոնյանը, ով արդեն համաշխարհային ճանաչում է նվաճել, երեք համերգ կունենա Երևանում:

 «Ես շատ ուրախ եմ, որ ինձ հաջողվել է այցելել իմ հայրենիք, ուրախ եմ, որ կարող եմ ձեզ ներկայացնել ինչպես Capital Cities-ի ստեղծագործությունները, այնպես էլ` իմ առանձին աշխատանքները», — ասել է հայազգի երգիչը:

Երաժիշտի առաջին համերգը տեղի է ունեցել օգոստոսի 15-ին Uptown ակումբում: Սեպուհին ներկայացրել DJ set-ը:

Capital Cities-ի մենակատարի երկրորդ համերգը տեղի է ունեցել օգոստոսի 17-ին «Մեցցո» ակումբում:

Սեպուհի եզրափակիչ համերգը կկայանա օգոստոսի 20-ին Գաֆեսճէան համերգասրահում:

Համերգներին երաժիշտի հետ հանդես են եկել երաժշտական աշխարհի ոչ պակաս հայտնի դեմքեր` հայտնի դուդուկահար Ջիվան Գասպարյան կրտսերը, Bambir հայկական ֆոլկ ռոք-խմբի մենակատար Նարեկ Բարսը, ինչպես նաև ամերիկահայ երգչուհի Սոսե Քեշիշյանը:

Սեպուհը հպարտությամբ խոսեց խմբի հաջողությունների մասին, որն իր գոյության կարճ ժամանակահատվածում  նվաճել է եվրոպացի և ամերիկացի հարյուրավոր երաժշտասերների սրտերը և անգամ հասցրել է համագործակցել աշխարհահռչակ արտիստների, մասնավորապես, երգչուհի Քեթի Փերիի հետ:

 «Խումբը հասցրել է լինել  Ճապոնիայում, Հարավային Կորեայում, Մեքսիկայում: Մինչև տարեվերջ ծրագրում ենք համերգներով ելույթ ունենալ Հարավային Ամերիկայի երկրներում, Ռուսաստանում և համերգային շրջագայություն կազմակերպել ԱՄՆ-ում»,- տեղեկացրել է Սեպուհը:

Մենակատարը լրագրողներին  տեղեկացրել է, որ «Capital Cities»-ը նոր երգ է ձայնագրել հայտնի հայազգի երգիչ Սերժ Թանկյանի հետ, այն շուտով կթողարկվի:

 «Մինչև տարեվերջ Capital Cities խումբը նախատեսում է համերգային շրջագայություններ կազմակերպել տարբեր երկրներում՝ ներկայացնելով «In A Tidal Wave Of Mystery» ալբոմը, իսկ որոշ հանգստից հետո վերադառնալ նոր նախագծերի»,-խոստովանեց նա:

Սեպուհը պատմեց, որ վերջին անգամ պատմական հայրենիքում է եղել 2008 թվականին և այդ ժամանակ հասցրել է այցելել Լոռու և Սյունիքի մարզեր ու Արցախ, սակայն համերգներ այնտեղ չի տվել:

 «Շատ եմ սիրում Հայաստանի բնությունը և ուրախ կլինեմ, եթե ինձ հաջողվի այցելել երկրի այլ մարզեր»,- ավելացրել է նա:

Առաջին խումբը, որտեղ հանդես է եկել Սեպուհ Սիմոնյանը, կոչվում էր «Այո», ինչից հետո նա մասնակցել է Unknown Project-ում և AVR-ում:

Հիշեցնենք, որ խմբի դեբյուտային ալբոմը («In a Tidal Wave of Mystery») թողարկվել է 2013թ.-ի հունիսի 4-ին:

Սեպուհ Սիմոնյանի հայաստանյան համերգների կազմակերպիչը Deem Communications ընկերությունն է:

 Մամուլի ասուլիսի ֆոտոժապավենը կարելի է դիտել այստեղ: -0-