ArmStyle

Համաշխարհային բուքմեյքերական գրասենյակները չեն հավատում հայկական Genealogy խմբի հաղթանակին շաբաթ օրը Վիեննայում անցկացվելիք «Եվրատեսիլ 2015» երգի միջազգային մրցույթի եզրափակչում։

Եզրափակչում, որը կանցկացվի «Վիներ Շտադհալե» համերգասրահում, հայկական խումբը ելույթ կունենա վեցերորդ համարի ներքո։

Williamhill բուքմեյքերական հայտնի գրասենյակը 126 գործակցով հաղթանակի տոկոսադրույքներ է ընդունում։ Այդ ցուցանիշը քսաներկուերորդն է եզրափակչի 27 մասնակիցների շարքում։

Եզրափակչի ակնհայտ ֆավորիտներն են Շվեդիայի (2,50), Ռուսաստանի (4,00) և Իտալիայի ներկայացուցիչները (4,33)։

 

 

 

Միջազգային բուքմեյքերական գրասենյակի փորձագետներն այնքան էլ չեն հավատում Genealogy–ի հայտնվելուն լավագույն տասնյակում։ Այդ ցուցանիշով հայկական խումբն ընդամենը 18–րդն է (4,50)  մրցույթի բոլոր մասնակիցների թվում։

Առաջին կիսաեզրափակիչ փուլն անցկացվել է երեքշաբթի։ Եզրափակիչ են անցել Ալբանիան, Հայաստանը, Բելգիան, Հունգարիան, Հունաստանը, Վրաստանը, Ռուսաստանը, Սերբիան, Ռումինիան և Էստոնիան։ 

Երկրորդ կիսաեզրափակիչից հետո եզրափակիչ են դուրս եկել Լիտվայի, Լեհաստանի, Սլովենիայի, Շվեդիայի, Նորվեգիայի, Չեռնոգորիայի, Կիպրոսի, Ադրբեջանի, Լատվիայի և Իսրայելի ներկայացուցիչները։

Հայաստանը մրցույթին է ներկայացրել Face the Shadow երգը, որը կատարում է Genealogy խումբը։ Genealogy–ն բաղկացած է վեց մասնակցից, որոնք ներկայացնում են Հայաստանն ու հինգ մայրցամաքները։ Եվրոպան ներկայացնում է ֆրանսահայ երգիչ Եսայի Ալթունյանը (Essaï), երկրորդը` երգչուհի Թամար Կապրելյանն ԱՄՆ–ից, երրորդը` Աֆրիկան ներկայացնող եթովպահայ երգիչ Վահե Թիլբյանը (Vahe Tilbian), չորրորդը` Ասիան ներկայացնող և Ճապոնիայում բնակվող Ստեֆանի Թոփալյանը (Stephanie Topalian), հինգերորդը` Ավստրալիան ներկայացնող օպերային երգչուհի Մերի-Ջին Օ’Դոհերթի Վասմաթզյանը (Mary-Jean O’Doherty (Vasmatzian), և վերջապես վեցերորդ մասնակիցը` Հայաստանը ներկայացնող Ինգա Արշակյանը։

«Եվրատեսիլ 2015» երգի միջազգային մրցույթն անցկացվում է Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում` «Կամուրջներ կառուցելով» կարգախոսով։

«Եվրատեսիլ 2015» մրցույթի կիսաեզրափակիչ փուլերն անցկացվել են մայիսի 19–ին և 21–ին, իսկ եզրափակիչը նախատեսված է մայիսի 23–ին։ -0-