ArmStyle

Համաշխարհային բուքմեյքերական գրասենյակները հավատում են Genealogy հայկական խմբի` «Եվրատեսիլ 2015» երգի միջազգային մրցույթի եզրափակիչ անցնելուն, որը կկայանա Ավստրիայի մայրաքաղաքի «Վիներ Շտադհալե» համերգասրահում։

Կիսաեզրափակչի հեռարձակումը կիրականացվի Հայաստանի հանրային հեռուստաընկերությամբ տեղական ժամանակով ժամը 23։00–ին։ 

Այսպես, Williamhill բուքմեյքերական գրասենյակը հայկական խմբի` եզրափակիչ անցնելն ընդունում է 1,28 գործակցով տոկոսադրույքներ։ Այդ ցուցանիշը վեցերորդն է առաջին կիսաեզրափակչի բոլոր 16 մասնակիցների թվում։ 

Առաջին կիսաեզրափակչի ակնհայտ ֆավորիտը, ըստ բուքմեյքերների, Ռուսաստանի մասնակից Պոլինա Գագարինան է` նրա գործակիցը գնահատվում է 1,01։ 

Փորձագետները գործնականում չեն կասկածում, որ եզրափակիչ դուրս կգան Էստոնիայի (1,05), Ռումինիայի (1,14), Հունաստանի (1,17) և Վրաստանի (1,17) ներկայացուցիչները։ 

Բուքմեյքերների կարծիքով, մրցույթն առաջին իսկ փուլում կլքեն Մոլդովան (2,87), Նիդեռլանդները (2,75) և Սերբիան (2,25)։ 

Մյուս մասնակիցների հնարավորությունները տատանվում են 1,40-1,80, ինչը լուրջ ինտրիգ է ենթադրում։ 

Genealogy հայկական խումբը բաղկացած է վեց մասնակիցներից` Հայաստանից և հինգ մայրցամաքներից։ Եվրոպան ներկայացնում է ֆրանսահայ երգիչ Եսայի Ալթունյանը (Essaï), երկրորդը` երգչուհի Թամար Կապրելյանն ԱՄՆ–ից, երրորդը` Աֆրիկան ներկայացնող եթովպահայ երգիչ Վահե Թիլբյանը (Vahe Tilbian), չորրորդը` Ասիան ներկայացնող և Ճապոնիայում բնակվող Ստեֆանի Թոփալյանը (Stephanie Topalian), հինգերորդը` Ավստրալիան ներկայացնող օպերային երգչուհի Մերի-Ջին Օ’Դոհերթի Վասմաթզյանը (Mary-Jean O’Doherty (Vasmatzian), և վերջապես վեցերորդ մասնակիցը` Հայաստանը ներկայացնող Ինգա Արշակյանը։ 

Խումբը կներկայացնի «Face the Shadow»–ը (Ստվերին դեմ առ դեմ)։ Խմբի տեսահոլովակը մայիսի 18–ի դրությամբ արդեն 1 մլն 580 հազար դիտում է հավաքել Youtube–ում։ 

«Եվրատեսիլ 2015» երգի միջազգային մրցույթը կանցկացվի Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում` «Կամուրջներ կառուցելով» կարգախոսով։ 

«Եվրատեսիլ 2015» մրցույթի կիսաեզրափակիչ փուլերը կանցկացվեն մայիսի 19–ին և 21–ին, իսկ եզրափակիչը` մայիսի 23–ին։ Մրցույթի հաղորդավարներն են Միրիամ Վայքսելբրաունը, Էլիս Թումլերը և Արաբելլա Քիսբաուերը։ -0-