ArmStyle

«Մանկական Եվրատեսիլ» մրցույթի հայաստանյան ներկայացուցչի` Բեթթիի «People of the sun» երգի տեսահոլովակի պրեմիերան կկայանա հոկտեմբերի 29-ին։

Ինչպես հայտնում է Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը, պրեմիերան կլինի 21:30-ին Հանրայինի եթերում:

Տեսահոլովակը նկարահանել է հենց Բեթթին՝ «սելֆի-վիդեո» տարբերակով:  Եվրատեսիլյան հայաստանյան պրակտիկայում առաջին անգամ է, երբ մրցութային երգի տեսահոլովակը նկարում է մասնակիցը: Երգի պատրաստման ընթացքում Բեթթիին օգնել են երգահան Մանե Հակոբյանը, խոսքերի հեղինակ Ավետ Բարսեղյանը եւ գործիքավորող Մարտին Միրզոյանը: 

«Մանկական Եվրատեսիլ 2014»-ին կմասնակցեն Վրաստանը, Հայաստանը, Բելառուսը, Բուլղարիան, Իտալիան, Կիպրոսը, Ռուսաստանը, Շվեդիան, Մոնտենեգրոն և Նիդեռլանդները ներկայացնող մասնակիցները:

Հայաստանը «Մանկական Եվրատեսիլին» մասնակցում է 2007թ.–ից։ Առաջին անգամ մրցույթին Հայաստանը ներկայացրել է «Արևիկ» մանկական խումբը` «Երազանք» երգով` զբաղեցնելով երկրորդ տեղը։ 2008թ.–ին Մոնիկա Մանուչարյանը ներկայացել է «Իմ երգի հնչյունները» երգով և զբաղեցրել ութերորդ տեղը: 2009թ.–ին Լաուրա Հայրապետյանն իր «Բարսելոնա» երգով նվաճեց երկրորդ տեղը`այդ տեղը կիսելով Ռուսաստանի ներկայացուցիչ Եկատերինա Ռյաբովայի հետ։ Մեկ տարի անց «Մանկական Եվրատեսիլ» մրցույթին Մինսկում հաղթող ճանաչվեց Հայաստանը ներկայացնող ԼՂՀ  12–ամյա Վլադիմիր Արզումանյանը, իսկ 2011թ.–ին մրցույթն անցկացվեց Երևանում, որտեղ Հայաստանը ներկայացրեց երգչուհի Դալիթան։

Compass Band հայկական խումբը, որը 2012թ.–ին Ամստերդամում ներկայացրեց Հայաստանը, զբաղեցրեց երրորդ տեղը։ 2013 թ.-ին Հայաստանը ներկայացնող Մոնիկա Ավանեսյանը Կիևում կայացած մրցույթին զբաղեցրեց վեցերորդ տեղը: -0-