ArmStyle

Տասնմեկամյա երգչուհի Բեթթին, ով Հայաստանը կներկայացնի Մալթայում կայանալիք «Մանկական Եվրատեսիլ 2014»-ին, լրագրողներին է ներկայացրել իր տպավորությունները, «People of the sun» մրցութային երգի տեսահոլովակի նկարահանման մանրամասները, ինչպես նաև ակնկալիքները ելույթից:

«Ես շատ ուրախացա, երբ լսեցի իմ անունը ընտրական փուլի եզրափակչում: «Եվրատեսիլին» մասնակցելը վաղ մանկությունից իմ երազանքն է եղել», — ասաց Բեթթին մամուլի ասուլիսի ժամանակ: 

Բեթթին նշեց, որ նախորդ տարի ևս փորձել է հաղթել մրցույթի ընտրական փուլում, սակայն ելույթ է ունեցել խմբում, և դա նրան չի հաջողվել:

Բեթթին նաև պատմեց «սելֆի-վիդեո» ձևաչափով իր տեսահոլովակի ստեղծման գաղափարի մասին:

«Դա իմ գաղափարն էր: Ես նկատեցի, որ «սելֆին» շատ է տարածվել ողջ աշխարհում և որոշեցի օգտվել դրանից իմ տեսահոլովակը ստեղծելիս: Նկարահանումները շատ ուրախ անցան: Կարծում եմ, որ լավ է ստացվել», — ասաց նա:
Տեսահոլովակը նկարահանել է Բեթթին «սելֆի-վիդեո» ձևաչափով: Սա առաջին փորձն է, երբ Հայաստանի մասնակիցն ինքն է տեսահոլովակ նկարահանում: Երգի պատրաստման ընթացքում Բեթթիին օգնել են երգահան Մանե Հակոբյանը, խոսքերի հեղինակ Ավետ Բարսեղյանը և գործիքավորող Մարտին Միրզոյանը:  

Նա պատմել է նաև «Քինգ» անունով իր փափուկ արջուկի մասին, որին նա բերել էր իր հետ մամուլի ասուլիսին:

«Ես միշտ իմ սիրելի արջուկին վերցնում եմ ինձ հետ, երբ ճանապարհորդում եմ, և նա ինձ հետ չորս օրից կմեկնի Մալթա», — ասաց Բեթթին:

Բեթթին խոստացավ «Եվրատեսիլին» լավ ելույթ ունենալ և անտարբեր չթողնել հանդիսատեսից ոչ մեկին:
Բացահայտվեցին նաև երգչուհու բեմական համարի որոշ մանրամասներ:

Բեթթիի հետ միասին ելույթ կունենան ևս հինգ երեխաներ՝ երեք ակրոբատ և երկու պարող:

Աղջիկը խոստացավ, որ ելույթը կլինի գունեղ և արևոտ:

«Մանկական Եվրատեսիլ-2014» մրցույթին մասնակցելու է 16 երկրի ներկայացուցիչ` Հայաստանից, Վրաստանից, Բուլղարիայից, Կիպրոսից, Իտալիայից, Մալթայից, Մոնտենեգրոյից, Ռուսաստանից, Սերբիայից, Շվեդիայից, Սլովենիայից, Հոլանդիայից, խորվաթիայից, Սան Մարինոյից և Ուկրաինայից։

Հայաստանը «Մանկական Եվրատեսիլին» մասնակցում է 2007թ.–ից։ Առաջին անգամ մրցույթին Հայաստանը ներկայացրել է «Արևիկ» մանկական խումբը` «Երազանք» երգով` զբաղեցնելով երկրորդ տեղը։ 2008թ.–ին Մոնիկա Մանուչարյանը ներկայացել է «Իմ երգի հնչյունները» երգով և զբաղեցրել ութերորդ տեղը: 2009թ.–ին Լաուրա Հայրապետյանն իր «Բարսելոնա» երգով նվաճեց երկրորդ տեղը`այդ տեղը կիսելով Ռուսաստանի ներկայացուցիչ Եկատերինա Ռյաբովայի հետ:

Մեկ տարի անց «Մանկական Եվրատեսիլ» մրցույթին Մինսկում հաղթող ճանաչվեց Հայաստանը ներկայացնող ԼՂՀ  12–ամյա Վլադիմիր Արզումանյանը, իսկ 2011թ.–ին մրցույթն անցկացվեց Երևանում, որտեղ Հայաստանը ներկայացրեց երգչուհի Դալիթան։ Compass Band հայկական խումբը Հայաստանը ներկայացրեց 2012 թվականին Ամստերդամում կազմակերպված մրցույթին և գրավեց երրորդ հորիզոնականը։ 2013 թվականին Հայաստանի ներկայացուցիչ Մոնիկա Ավանեսյանը զբաղեցրեց վեցերորդ տեղը։ -0-