ArmStyle

Հանրահայտ The Beautified Project ռոք–խումբը նոր տարում երկու նոր պրեմիերա և տեսահոլովակ կներկայացնի երկրպագուներին։ Այս մասին «ԱՌԿԱ Style»–ին է պատմել խմբի վոկալիստ և կիթառահար Արմեն Շավերդյանը։

«Առայժմ փակագծերը չեմ բացում, սակայն կարող եմ ասել, որ մենք աշխատում ենք երկու ստեղծագործության վրա։ Կարծում եմ` դրանք պատրաստ կլինեն մինչև 2015 թվականի ապրիլը։ Հաջորդ տարի ծրագրում ենք նաև նոր տեսահոլովակ թողարկել»,– ասաց երաժիշտը։

Շավերդյանը հետագա ծրագրերի մասին խոսելիս` ասաց, որ դեկտեմբերի 11-ին The Beautified Project–ը կմասնակցի Վրաստանում անցկացվող միջազգային փառատոներից մեկի փակման արարողությանը։ «Այնուհետև ծրագրում ենք համերգային շրջագայություն կազմակերպել աշխարհի տարբեր երկրներում»,– ասաց նա։

Վերջերս խումբը զուգերգ էր ներկայացրել «Նոր ալիք -2014» մրցույթի հայ մասնակցի` Սոնա Ռուբենյանի հետ և ներկայացրել «Wait» երգը։
Այս կապակցությամբ երաժիշտը նշեց, որ երգը շարժել է երկրպագուների հետաքրքրությունը, և չի բացառվում, որ հետագայում նույնպես խումբը որևէ այլ կատարողի հետ հանդես գա զուգերգով։

Ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված ծրագրերի մասին խոսելիս` Շավերդյանը նշեց, որ թեև խումբը ցեղասպանությանը նվիրված կոնկրետ երգեր չի նախատեսել, այնուհանդերձ թեման անպայման կշոշափվի համերգային ծրագրերում, մասնավորապես` հայկական ստեղծագործությունները կհնչեն նոր գործիքավորմամբ։
«Մեր երգացանակում արդեն կան ցեղասպանությանը նվիրված կոմպոզիցիաներ, օրինակ` All alone–ը և Broken smile–ը»,– ասաց նա։

Հիշեցնենք, որ The Beautified Project–ը նախօրեին համերգ էր տվել Երևանում։ Լուսանկարները կարող եք դիտել այստեղ: -0-