ArmStyle

Աշխարհահռչակ հայ դիրիժոր Ջորջ Փեհլիվանյանը լրագրողներին է ներկայացրել 2015 թ.–ի ծրագրերը, նա նշել է, որ մտադիր է մի շարք միջոցառումներ կազմակերպել` նվիրված Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած Հայոց ցեղասպանության 100–րդ տարելիցին։

Դիրիժորը Երևանում է և վաղը ելույթ կունենա Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բեմում։

«Ես հաջորդ տարվա համար շատ պլաններ ունեմ։ Առաջին հերթին մտադիր եմ համագործակցել Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հետ։ Երեկ ծանոթացել եմ նվագախմբի գլխավոր դիրիժոր և գեղարվեստական ղեկավար Սերգեյ Սմբատյանի հետ և կարծում եմ, որ մեր համագործակցությունը հաջող կլինի»,  ասաց Փեհլիվանյանը լրագրողներին փորձի ընդմիջման ժամանակ։

Նա նշել է, որ նախատեսում է հյուրախաղեր կազմակերպել Պետական երիտասարդական նվագախմբի համար, առաջին հերթին` Ֆրանսիայում։ Բացի այդ, երաժիշտը մտադիր է համագործակցություն հաստատել Ֆրանսիայի և Հայաստանի երիտասարդական երգչախմբերի միջև։

«Մտադիր եմ ստեղծել մանկական հայկական երգչախումբ` 11–15 տարեկան երեխաների մասնակցությամբ։ Երեխաները պետք է ելույթ ունենան երգչախմբի ֆրանսիացի մասնակիցների հետ։ Միաժամանակ հայկական երգչախումբը ելույթ կունենա Ֆրանսիայում, իսկ ֆրանսիական երգչախումբը հյուրախաղերով կգա Հայաստան», – ասաց Փեհլիվանյանը։

Դիրիժորը նաև նախատեսում է մեծ համերգ տալ Իսրայելում նույն թեմայով։

«Ես կցանկանայի հայ մեներգիչ ընտրել` Կոմիտասի ստեղծագործություններն իմ նվագախմբի հետ կատարելու համար։ Կարծում եմ, որ բոլոր այս նախագծերը թույլ կտան ըստ արժանվույն հարգանքի տուրք մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին», – ավելացրել է Փեհլիվանյանը։

Ջորջ Փեհլիվանյանը ծնվել է 1964 թվականին Բեյրութում։ 1975 թվականին ընտանիքի հետ տեղափոխվել է Լոս Անջելես։ Խմբավարության դասընթաց է անցել Քիջի Ակադեմիայում։ 1991 թվականին հաղթել է Բեզանսոնի երիտասարդ դիրիժորների միջազգային մրցույթում։ 1996-1999 թվականներին նիդեռլանդական Ռեզիդենց–նվագախմբի հրավիրված դիրիժոր է եղել, միաժամանակ 1996-2000 թվականներին նույն պաշտոնն է զբաղեցրել Վիեննայի կամերային նվագախմբում։ 2005-2008 թվականներին գլխավորել է Սլովենական ֆիլհարմոնիայի սիմֆոնիկ նվագախումբը։ 

Փեհլիվանյանը համագործակցել և ղեկավարել է այնպիսի նվագախմբեր, ինչպիսիք են` Լոնդոնի ֆիլհարմոնիկ նվագախումբը, BBC Philharmonic–ը, Իսրայելի ֆիլհարմոնիկ նվագախումբը, Ռոտերդամի ֆիլհարմոնիկ նվագախումբը, Ֆրանսիայի Ռադիոյի ֆիլհարմոնիկ նվագախումբը, Մոնտե–Կառլոյի ֆիլհարմոնիկ նվագախումբը, Իսպանիայի ազգային նվագախումբը, Մոնրեալի սիմֆոնիկ նվագախումբը և այլ նվագախմբեր։ -0-