ArmStyle

Հայաստանում ավանգարդ ֆոլք երաժշտության ուղղության հիմնադիր, հայտնի երաժիշտ և բազմաթիվ երաժշտական գործիքների տիրապետող Արտո Թունջբոյաջյանը ապրիլի 24–ի նախաշեմին, երբ Հայաստանում և ողջ աշխարհում կոգեկոչեն Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը, համերգ է ունեցել Երևանում։ Հնարավոր է, որ այդ ամսաթիվը հատուկ ազդեցություն թողեց համերգի վրա` որոշելով ինչպես ստեղծագործությունների ընտրությունը, այնպես էլ երաժիշտների տրամադրությունը։ 

Թունջբոյաջյանը Armenian Navy Band խմբի հետ միասին երեկոյի սկզբում գրաբարով երգեց հայկական այբուբենը։ Համերգն ընդհանուր առմամբ ավելի շատ հիշեցնում էր անկեղծ զրույց հանդիսատեսի հետ, որն ընդհատվում էր երաժշտական ստեղծագործությունների կատարմամբ։ 

Հանդիսատեսի հետ միասին Արտո Թունջբոյաջյանը մտորում էր կյանքի իմաստի, սերնդափոխության, 1915 թ.–ից հետո Թուրքիայում հայերի վիճակի, կորցրած և ամբողջովին ձեռք չբերված ազգային ինքնության մասին։ Նա պատմեց իր ընտանիքի պատմությունը, որը որոշ իմաստով աշխարհով մեկ ցրված հազարավոր հայկական ընտանիքների ճակատագրի արտացոլումն է։ Երաժիշտը պատմեց, թե ինչպես էին հայ երեխաները ստիպված այցելել թուրքական դպրոցներ, որտեղ հնարավորություն չունեին հայոց լեզու սովորել։ 

Սակայն կյանքը բացառիկ է և հիանալի նրանով, որ ցանկացած ողբերգության կողքին պարտադիր ներկա է ինչ–որ լուսավոր և ուրախ բան։ Ցեղասպանությունից հետո կենդանի մնացած և աշխարհով մեկ ցրված հայերն իրենց օրինակով ապացուցեցին, որ կյանքը շարունակվում է։ Եվ այս համատեքստում երաժիշտը պատմեց այն մասին, թե ինչպես է ինքը Լոնդոն անունով տղայի պապիկ դարձել։ Այո, այո, մի զարմացեք, հենց այսպես է անվանակոչվել հայ տղամարդու և ծագումով յամայկացի կնոջ ամուսնությունից ծնված տղան, ով աշխարհահռչակ հայ երաժիշտի թոռն է։ 

Հիմնական ուղերձը, որը Թունջբոյաջյանը ցանկանում էր փոխանցել հանդիսատեսին, կարելի է բնութագրել բավականին լակոնիկ` կյանքը շարունակվում է։ Չնայած Հայոց ցեղասպանության բոլոր սարսափներին, այն տառապանքներին, որոնց ենթարկվեցին հայ ժողովրդի` ողջ մնացած որդիներն ու դուստրերը գաղթի  ճանապարհներին և օտարության մեջ` երաժշտի հոգում չկա չարություն մյուս ժողովուրդների, անգամ թուրքերի նկատմամբ։ Արտո Թունջբոյաջյանը շարունակում է հավատալ և հուսալ, և դա թույլ է տալիս նրան ստեղծագործել և շարունակել ապրել։ -0-