ArmStyle

ԱՄԷ–ում ձևավորված ARS TRIO երաժշտական համույթի երկրպագուներն այս օրերին ուրախանալու առիթ ունեն։ Ինտերնացիոնալ տրիոն ելույթ է ունենում երևանյան ակումբներում և ներկայացնում է իր առաջին ալբոմը, որը կոչվում է TIME։ 

Ալբոմում ներառված է վեց ստեղծագործություն, որոնք գրված են դասական սոուլ–ջազ և ջազ–ֆանկ ոճում։ 

«Տղաները փոքր–ինչ շեղվել են իրենց ոճից։ Սակայն ընդհանուր առմամբ ալբոմը հագեցած է էներգետիկայով, չափազանց զգացմունքային է` բարձր կատարողական տեխնիկայի ֆոնին», – նշում է ARS TRIO–ի մենեջեր, երաժշտական քննադատ Արմեն Մանուկյանը։ 

Երաժիշտների տրիոն բացառիկ ինտերնացիոնալ համույթ է, որը ձևավորվել է ԱՄԷ–ում։ Երկու երաժիշտները` սաքսոֆոնահար Արթուր Գրիգորյանը և երգեհոնահար Սամվել Գրիգորյանը, ծնվել են Հայաստանում։ Նրանք ստեղծել են տրիոն` համույթ հրավիրելով լիբանանցի թմբկահար Ռոնի Աֆիֆային։ ARS TRIO–ն բազմաթիվ տարիներ ի վեր մասնակցում է ԱՄԷ–ի ակումբներում կազմակերպվող լավագույն շոու ներկայացումներին, ինչպես նաև` միջազգային տարբեր փառատոներին։

Երաժիշտները ջազային երգեհոնային տրիոյի դասական ստեղծագործություններ են կատարում։ «Սամվելի հետ որոշեցինք փորձել մեզ այս ձևաչափում։ Հետաքրքիր էր, թե ինչ կստացվի։ Կարծես վատ չի ստացվել», – նշում է սաքսոֆոնահար Արթուր Գրիգորյանը։

Երգեհոնահար Սամվել Գասպարյանը Երևանի պետական կոնսերվատորիայի շրջանավարտ է։ Նա ավելի վաղ աշխատել է երևանյան տարբեր համույթներում, ինչպես նաև` Հայաստանի պետական ջազ նվագախմբում։ Սաքսոֆոնահար Արթուր Գրիգորյանն անցել է գրեթե նույն ստեղծագործական ճանապարհը` կոնսերվատորիա, Ռադիոյի և հեռուստատեսության նվագախումբ, Art Voices խումբ։ 

Նրանց միացած լիբանանցի թմբկահար Ռանի Աֆիֆը ևս փորձառու երաժիշտ է։ Նա սեփական նախագծեր է իրականացրել, ելույթ է ունեցել բազմաթիվ աստղերի հետ։ Ի դեպ, լիբանանցին ARS TRIO–ի իր ընկերների շնորհիվ արդեն հասցրել է սիրել Հայաստանը։ 

«Արդեն երրորդ անգամ եմ Երևանում։ Այստեղ ինձ միշտ շատ ջերմ են ընդունում։ Հայաստանում երաժշտությանն էլ են չափազանց հոգատարությամբ վերաբերվում», – նշում է Աֆիֆը։ 

Սամվել Գասպարյանը, Արթուր Գրիգորյանը, Ռանի Աֆիֆը ձեռքերը ծալած չեն նստում։ Նրանք արդեն սկսել են երկրորդ ալբոմի աշխատանքները։ Այնպես որ ARS TRIO–ն հերթական անակնկալն է պատրաստում երաժշտասերների համար։ -0-