ArmStyle

«Եվրատեսիլ 2015» մրցույթի պաշտոնական կայքը հրապարակել է ժյուրիի անդամների անունները։

Հայաստանը կներկայացնեն հաղորդավարուհի Արևիկ Ուդումյանը, երաժշտական պրոդյուսեր Գրիգոր Նազարյանը, ռեժիսոր Արեն Բայադյանը, երգչուհի Նունե Եսայանը, երգչուհի և կոմպոզիտոր Լեյլա Սարիբեկյանը, երգիչ և շոումեն Արամ MP3–ն` Հայաստանի անցած տարվա ներկայացուցիչը։

Հայաստանը ներկայացնող Genealogy խմբում ընդգրկվել են հինգ մայրցամաքներում և Հայաստանում բնակվող հայ երգիչներ։ Մրցույթի վեց մասնակիցները կդառնան Հայոց ցեղասպանության 100–րդ տարելիցին նվիրված միջոցառումները խորհրդանշող անմոռուկի ինքնատիպ խորհրդանիշը։

Խմբի վեց մասնակիցներն են ֆրանսահայ երգիչ Եսայի Ալթունյանը (Essaï), երգչուհի Թամար Կապրելյանն ԱՄՆ–ից, Աֆրիկան ներկայացնում է եթովպահայ երգիչ Վահե Թիլբյանը (Vahe Tilbian), Ասիան ներկայացնում է Ճապոնիայում բնակվող Ստեֆանի Թոփալյանը (Stephanie Topalian), Ավստրալիան ներկայացնում է օպերային երգչուհի Մերի-Ջին Օ’Դոհերթի Վասմաթզյանը (Mary-Jean O’Doherty (Vasmatzian), Հայաստանը` Ինգա Արշակյանը։

«Եվրատեսիլ 2015» երգի միջազգային մրցույթը կանցկացվի Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում՝ «Կամուրջներ կառուցելով» կարգախոսով։ Մրցույթի կիսաեզրափակիչ փուլերը կկայանան մայիսի 19–ին և 21–ին, իսկ եզրափակիչը` մայիսի 23–ին։ Հայաստանը ելույթ կունենա առաջին կիսաեզրափակիչ փուլում երկրորդ համարի ներքո: -0-