ArmStyle

Երաժիշտ կատարողների «Վերածնունդ» VII փառատոնը կանցկացվի Գյումրիում ապրիլի 10–23–ը, «ԱՌԿԱ Style»–ին տեղեկացրել են փառատոնի մամուլի ծառայությունից։

Փառատոնը նվիրված է Հայոց ցեղասպանության 100–րդ տարելիցին և Հայրենական պատերազմում տարած հաղթանակի 70–ամյակին։

Մասնակիցների և երկրների թիվը վկայում է, որ «Վերածնունդ» փառատոնը մանկական և երիտասարդական երաժշտական արվեստի ոլորտի կարևոր մշակութային միջոցառումներից մեկն է դարձել Հայաստանում։ Այս տարի փառատոնին կմասնակցի 2700 մարդ` աշխարհի 33 երկրից։

Փառատոնի անցկացման հիմնական նպատակն է աջակցել տարբեր ժողովուրդների մշակույթների մերձեցմանը, ամրապնդել ժողովուրդների բարեկամությունը, զարգացնել մշակութային կյանքը Հայաստանի մարզերում։ 

Փառատոնի կազմակերպիչներն են «Փյունիկ» մարդկային ռեսուրսների զարգացման համահայկական հիմնադրամը, ԱՊՀ հումանիտար միջպետական համագործակցության միջազգային հիմնադրամը, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղը, ««Վերածնունդ» միջազգային մրցույթ–փառատոն» ՀԿ–ն։

Փառատոնի անցկացմանն աջակցում են ՀՀ մշակույթի նախարարությունն ու Գյումրու քաղաքապետարանը։ -0-