ArmStyle

Լեգենդար երաժիշտ, մոսկովյան ռոք-շարժման առաջին ալիքի մասնակից, «Գոլոս» նախագծի երկրորդ եթերաշրջանի մասնակից Անդրեյ Դավիդյանը պատմական հայրենիք է եկել «Sound Cake» Band խմբի հետ երկու վառ համերգներով հանդիսատեսին ուրախացնելու համար:

Առաջին համերգի նախաշեմին, որը տեղի կունենա այսօր «Yans» ակումբում, երաժիշտը հանդիպել է լրագրողների հետ և խոսել իր ստեղծագործական ծրագրերի և հայրենիքից առաջին տպավորությունների մասին: Երկրորդ համերգը նախատեսված է սեպտեմբերի 28-ին Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում:  

«Սա իմ առաջին համերգն է Հայաստանում: Ես շատ վաղուց եմ եղել այստեղ, սակայն համերգ չեմ ունեցել: Շատ եմ անհանգստանում ելույթներից առաջ, սակայն հավատում եմ, որ ամեն ինչ լավ կանցնի», — ասել է Դավիդյանը: 

Նա նշել է, որ համերգային ծրագիրը շատ հագեցած կլինի և կներառի նաև հեղինակային ստեղծագործություններ: 
«Մենք պարզապես նվագելու ենք մեր երաժշտությունը և կներկայացնենք արժանի ստեղծագործություններ: Կհնչեն նաև ստեղծագործություններ, որոնք ավելի վաղ չեն հնչել: Գլխավորը երաժշտության դրական կողմը փոխանցելն է», — ասել է Դավիդյանը: 

Նա նաև խոստովանել է, որ բացի համերգներից նախատեսում է հաջորդ տարի ալբոմներ ձայնագրել, որոնցում կներառվեն ինչպես նոր, այնպես էլ հին ստեղծագործություններ:

«Ես երաժշտություն եմ գրել բազմաթիվ հայտնի մարդկանց համար, նրանցից շատերն արդեն կենդանի չեն: Ցանկանում եմ այդ երաժշտությունը միավորել իմ ալբոմում: Բացի այդ, մտադիր եմ ձայնագրել նաև նոր երգեր: Բացառված չէ, որ արդյունքում՝ լույս կտեսնի երկու ալբոմ», — հայտարարել է Դավիդյանը՝ պատասխանելով «ԱՌԿԱ Style»-ի հարցին:

Երաժիշտը խոսել է նաև Հայաստան կատարած այցի հետ կապված իր տպավորությունների մասին:

«Ես Մոսկվայում եմ մեծացել, սակայն ծնողներս միշտ իմ մեջ դաստիարակել են Հայաստանի ոգին: Մտադիր եմ օգտվել առիթից և Երևանում այցելել այն վայրերը, որոնք վաղուց հիշում եմ: Գաղտնիք չէ, որ Հայաստանը ջերմ երկիր է, որը բոլորին ջերմացնում է», — խոստովանել է երաժիշտը:

Նա ավելացրել է, որ փոքր տարիքից հաղորդակից է եղել հայկական երաժշտությանն ու սիրել է լսել հայ կոմպոզիտորների ստեղծագործությունները:

Դավիդյանը նաև խոստովանել է, որ իր ուսուցիչն է համարում Բոբ Մարլիին: -0-