ArmStyle

Ոչ միայն Եվրոպայի, այլ նաև ողջ աշխարհի հայությունը երեքշաբթի երեկոյան կհետևի Genealogy խմբի ելույթին «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթի կիսաեզրափակչում, որը կկայանա Ավստրիայի մայրաքաղաք «Վիներ Շտադհալե» համերգասրահում։

Հենց այսօր կորոշվի` դուրս կգա՞ հայկական խումբը եզրափակիչ։ Կիսաեզրափակչում խումբը ելույթ է ունենալու երկրորդ համարի ներքո։ 

Կիսաեզրափակչի հեռարձակումը կիրականացվի Հայաստանի հանրային հեռուստատեսությամբ տեղական ժամանակով ժամը 23։00–ին։ 

Հայոց ցեղասպանության 100–րդ տարելիցի տարում Genealogy խմբին սևեռված է ոչ միայն հայության, այլ նաև ողջ աշխարհի մարդկանց ուշադրությունը։ 

Genealogy հայկական խումբը բաղկացած է վեց մասնակիցներից` Հայաստանից և հինգ մայրցամաքներից։ Եվրոպան ներկայացնում է ֆրանսահայ երգիչ Եսայի Ալթունյանը (Essaï), երկրորդը` երգչուհի Թամար Կապրելյանն ԱՄՆ–ից, երրորդը` Աֆրիկան ներկայացնող եթովպահայ երգիչ Վահե Թիլբյանը (Vahe Tilbian), չորրորդը` Ասիան ներկայացնող և Ճապոնիայում բնակվող Ստեֆանի Թոփալյանը (Stephanie Topalian), հինգերորդը` Ավստրալիան ներկայացնող օպերային երգչուհի Մերի-Ջին Օ’Դոհերթի Վասմաթզյանը (Mary-Jean O’Doherty (Vasmatzian), և վերջապես վեցերորդ մասնակիցը` Հայաստանը ներկայացնող Ինգա Արշակյանը։ 

Հայաստանի երգի անվանումն առանձին պատմություն ունի։ Մրցույթից դեռևս շատ առաջ հայկական կողմը «Don’t Deny» (Մի՛ ժխտիր) անվանումը փոխարինեց «Face the Shadow»–ով (Ստվերին դեմ առ դեմ)։ Այնուամենայնիվ, երգի իմաստը և դրա հիմնական ուղերձը դրանից չեն փոխվել։ 

Խմբի տեսահոլովակը մայիսի 18–ի դրությամբ արդեն 1 մլն 580 հազար դիտում է հավաքել Youtube–ում։ 

«Եվրատեսիլ 2015» երգի միջազգային մրցույթը կանցկացվի Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում` «Կամուրջներ կառուցելով» կարգախոսով։ 

«Եվրատեսիլ 2015» մրցույթի կիսաեզրափակիչ փուլերը կանցկացվեն մայիսի 19–ին և 21–ին, իսկ եզրափակիչը` մայիսի 23–ին։ -0-