ArmStyle

Ամանորի նախաշեմին «ԱՌԿԱ Style»-ը ցանկանում է իր ընթերցողներին բազմազան անակնկալներ մատուցել։ Մասնավորապես, կայքում կներկայացվի բլից-հարցազրույցների շարք հայկական շոու-բիզնեսի ներկայացուցիչների, էստրադայի աստղերի և այլ արվեստագետների հետ։ Իսկ այդ շարքը սկսում ենք հայտնի երգիչ Էրիկի հետ հարցազրույցով։ 

Էրիկի Ամանորի մաղթանքը «ԱՌԿԱ Style»-ի ընթերցողներին

«ԱՌԿԱ Style»-ի խնդրանքով հայտնի երգիչ Էրիկը կամփոփի անցնող տարվա արդյունքները, կներկայացնի հաջորդ տարվա ծրագրերը, բոլորին կշնորհավորի Նոր Տարվա կապակցությամբ և կպատմի իր ընտանիքի` այս տոնի հետ կապված ավանդույթների մասին։ 

— 2014 թվականը Ձեզ համար եղավ… 

Էրիկ – … հագեցած աշխատանքային տարի։ Ես զուգահեռաբար երկու սկավառակի ստեղծման աշխատանք էի տանում։ Դրանք կներկայացվեն արդեն 2015 թվականին, քանի որ 2014-ն արդեն ավարտվում է։ Կարծում եմ, որ այժմ, երբ բոլորի մոտ սկսվել են ամանորյա հոգսերը, սկավառակների թողարկման ամենալավ ժամանակը չէ։ Տարեսկզբին շատ տոներ կլինեն, և ամեն մի սկավառակը դրանց յուրօրինակ նվերը կդառնա։ Առաջին սկավառակը` «Քո հետքերը»` հատուկ աշխարհ է ինձ համար։ 
Ես կցանկանայի, որ «Քո հետքերը» («Твои следы») երգը, որը չափազանց կարևոր է ինձ համար, շարունակություն ունենար, առանձին սկավառակ դառնար, որտեղ կներառվեին ոչ միայն Առնո Բաբաջանյանի ստեղծագործությունները, այլև հին կոմպոզիտորների նոր երգերը։ Մասնավորապես, այստեղ կներկայացվի Էլվինա Մակարյանի երգը, որը պահպանվել է միայն դիկտոֆոնով արված ձայնագրությամբ և վերստեղծվել է մեր կողմից։ Երկրորդ սկավառակի անունը, ամենայն հավանականությամբ, կհամապատասխանի իմ երգերից մեկի վերնագրին։

— Դուք գալիք 2015 թվականից սպասում եք…

Էրիկ – … շատ բաներ։ Աստիճանաբար հասունանում է իմ մենահամերգի գաղափարը, որն իրականություն դարձնելը չափազանց դժվար է։ Բայց ես աշխատում եմ այդ ուղղությամբ։ Ունկնդիրը, ինչպես կարծում եմ, վաղուց է սպասում այդ համերգին։ Պարզապես տարբեր, այդ թվում` ֆինանսական խնդիրների պատճառով դրա անցկացումը հետաձգվում է։ Ես ցանկանում եմ շատ անսովոր համերգ կազմակերպել, որը երկար հիշվի։ 

— Ամանորին Դուք Ձեր ունկնդրին մաղթում եք…

Էրիկ – … առողջություն, դրական լիցքեր, ժպիտներ, ուրիշների մեջ դրականը գտնելու ցանկություն։ 

— Ամանորի գիշերը բաժակ բարձրացնելով` Դուք խմում եք… 

Էրիկ – Ինձ համար թանկ են բոլոր հյուրերը, բայց ես սիրում եմ խմել նպատակների իրականացման կենացը։ Որպեսզի այն նպատակները և երազանքները, որոնք պահում ենք մեր սրտում և որոնց մասին հաճախ չգիտեն անգամ մեր մտերիմները, միշտ իրականանան։ Չէ՞ որ առանց նպատակների ապրելը պարզապես անհնար է։

— Ինչպե՞ս եք անցկացնելու Ամանորի տոները։ 

Էրիկ – Նախ` աշխատավայրում, ինչպես և վերջին մի քանի տարիներին։ Իսկ հետո տոնը կնշեմ վերջապես իմ ձեռք բերած սեփական բնակարանում։ Իսկ մի քանի օրից կմեկնեմ Թբիլիսի (Էրիկը Թբիլիսիից է – «ԱՌԿԱ Style»)։

— Պատմեք Ձեր ընտանիքի` Նոր Տարվա հետ կապված ավանդույթների մասին…

Էրիկ – Մենք միշտ մի քանի ճայթռուկ էինք գնում։ Առաջինը պայթեցնում էինք թբիլիսյան ժամանակով կեսգիշերին, երկրորդը` հայկական, իսկ երրորդը` մոսկովյան։ -0-