ArmStyle

Հայտնի երգչուհի Ալլա Լևոնյանի «Ճանապարհ» (20 տարի բեմում) խորագրով մենահամերգը երգչուհու համար առիթ էր ոչ միայն կատարելու սիրված երգերը, այլև իր ունկնդրի հետ կիսելու հիշողությունները, զգացմունքները և հույսերը:

Մանկության մասին

Ես երջանիկ եմ, որ մանկությունս միշտ ինձ հետ է, այն չի լքել ինձ և տանում է իր ետևից… Փոքր տարիքում ծնողներս հաճախ խնդրում էին ինձ երգել հյուրերի համար: Ես չէի ուզում, սակայն երգում էի: Երբ հարևանների մոտ հյուրեր էին գալիս, ինձ կանչում էին փողոցից, որտեղ ես խաղում էի, և կրկին խնդրում էին երգել: Ես ուզում էի խաղալ, սակայն նորից երգում էի: Այսօր դուք եկել եք և ցանկանում եք, որպեսզի ես երգեմ ձեզ համար: Եվ ես ցանկանում եմ երգել… Հայրս Անդրանիկ Օզանյանի ցեղից էր: Ես մինչև հիմա հիշում եմ, թե ինչպես էի նրան ուտելիք տանում իր աշխատանքի վայրը:
 
Ճանապարհն անցնում էր երկաթուղու երկայնքով: Ինձ թվում էր, թե ես բարձրանում եմ աստիճաններով դեպի մայրամուտ, դեպի լույս… Մինչև հիմա զգում եմ գյուղի բուրավետ ծխի հոտն ու հիշում միայնակ արագիլին: Ես լսում էի լռության ձայնը, տեսնում էի օդի գույնը, անսահման երկար էի գնում… Հետո նստում էի ծառի հաստ ճյուղերին, որոնք պապս տնկել էր իմ ծննդյան օրը, և վերանում էի աշխարհից: Ամբողջ գյուղն ասես ափի մեջ լիներ, իսկ դիմացս Արարատն էր:

Գագաթին սպիտակ գլխարկով նա հետևում էր ինձ և կանչում իր մոտ: Ես մեկնում էի ձեռքս, և ինձ թվում էր, թե կդիպչեմ սարին: Մասիսն ինձ պատմում էր իմ երկրի մասին: Եվ ես ավելի ուժեղ էի դառնում, ցանկանում էի վեր թռչել՝ դեպի արմատները, դեպի Արևմտյան Հայաստան, Վան: Իսկ հետո լսում էի մայրիկիս ձայնը, ով ինձ տուն էր կանչում…

Սիրո մասին

Սիրո պատմությունները շատ են: Ես երգում եմ իմ պատմության մասին… Սակայն վաղուց եկեղեցում հասկացա, որ հարկավոր է աշխարհն ավելի շատ սիրել, քան ինքդ քեզ: Եվ կյանքի ճանապարհին աշխարհի հետ կիսել բարությունը: Իմ կյանքի ճանապարհի կանգառներն այսօր լի են մարդկանցով, երջանիկ պահերով, հավատով և սիրով: Եվ այդ սերն օգնում է ինձ ապրել, շարունակել իմ կյանքի ճանապարհը: 

Համերգի մասին

Եթե իմանայիք, թե որքան երկար եմ սպասել այս օրվան: Ափսոս, որ այն ավարտին է մոտեցել: Երեք ամիս անընդմեջ ավելի քան հարյուր մարդ ամեն օր աշխատում էր այս համերգը կազմակերպելու համար:

Հուսով եմ, որ համերգը հաջողվել է: Եվ վերջում ցանկանում եմ բոլորիս մաղթել, որպեսզի երբ մենք արթնանում ենք առավոտյան, ապա ժպտանք միմյանց և մեր ժպիտով միմյանց ասենք` Բարև: Թող որ իմ վերջին «Բարև» երգը հնչի այս դահլիճում և նրա սահմաններից դուրս, թափանցի համայն հայության սրտերը, նրանց ժպիտ պարգևի: 

Համերգի ընթացքում հնչեցին նաև Ալլա Լևոնյանի երգերը` նվիրված հայ զինվորներին, Սպարապետ Վազգեն Սարգսյանին, Երևանին, բոլորի կողմից սիրված «Երեկո» երգը, որը Ալլան կատարեց կոմպոզիտոր Էդգար Գյանջումյանի հետ միասին: Համերգին ներկա էին հանրապետության առաջին տիկին Ռիտա Սարգսյանը և ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը: 

Համերգի լուսանկարները կարող եք դիտել այստեղ: -0-