ArmStyle

«24/04» նվագախմբի «Վերածնունդ» համերգը 43 երկրի երաժիշտների հարգանքի տուրքն էր` ուղղված 1915 թվականի զոհերի հիշատակին։ Երաժիշտներն այսպես էին երախտագիտություն հայտնում նրանց, ովքեր փրկել էին հայ ժողովրդի զավակների կյանքը։ 

Համերգն աննախադեպ էր երաժիշտների թվով և հանրաճանաչությամբ։ Հայ ժողովրդի վերածննդի խորհրդանիշը դարձած համերգին մասնակցում էր շուրջ 140 երաժիշտ` Արգենտինայից, Ավստրիայից, Բրազիլիայից, Չինաստանից, Ռուսաստանից, Բոլիվիայից, Սերբիայից, Մեծ Բրիտանիայից և ԱՄՆ–ից։ 

Նվագախումբը ներկայացրեց հայ կոմպոզիտորների` վերջին 100 տարում գրած  սիմֆոնիկ ստեղծագործությունները։ Համերգը բաղկացած էր չորս մասից, որոնցից յուրաքանչյուրն իր խորհուրդն ուներ`հիշողություն, երախտագիտություն, միջազգային պայքար և վերածնունդ։ 

Խորհրդանշական էր նաև այն, որ այդ օրը Երևանում աշխարհահռչակ երաժիշտները ելույթ ունեցան մեծանուն դիրիժորներ Միխայիլ Յուրովսկու և Ջանլուկա Մարչիանոյի, Հովհաննես Չեքիջյանի և Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ։ Օտարերկրյա երաժիշտները ոչ միայն վշտակցեցին հայ ժողովրդին, այլ նաև երաժշտության լեզվով ողջ աշխարհին փոխանցեցին աշխարհասփյուռ հայության հիմնական ուղերձը` «Մենք հիշում ենք և պահանջում»։

Հավերժ մարդկային արժեքները, բռնության, խտրականության և անհանդուրժողականության դեմ պայքարը նոր ուժ ու կիրք էին դարձել Երևանում։ Երաժշտությունն ազդարարում էր աշխարհին` XX դարի ամենասարսափելի ողբերգությունից հետո հայ ժողովուրդը ողջ է մնացել և ապրելու է, հային անհնար է վախեցնել և ստիպել, որ հրաժարվի հոգում ամբարած բարությունից, հույսից և լույսից։  

Նվագախումբը հատվածներ ներկայացրեց Կոմիտասի, Գաբրիել Երանյանի, Արամ Խաչատրյանի, Էդգար Հովհաննիսյանի, Ղազարոս Սարյանի, Ալեքսանդր Հարությունյանի, Մակար Եկմալյանի, Ալան Հովհաննեսի, Ավետ Տերտերյանի, Էդուարդ Միրզոյանի, Էդուարդ Բաղդասարյանի, Առնո Բաբաջանյանի ստեղծագործություններից։ Որպես մենակատարներ ելույթ ունեցան հայտնի օպերային երգիչներ Մարիա Գուլեգինան (ՌԴ) և Գևորգ Հակոբյանը (Հայաստան), թավջութակի սոլոն կատարեց Նարեկ Հախնազարյանը (ՌԴ), ջութակի սոլոն` Սերգեյ Խաչատրյանը (Հայաստան)։ 

Համերգի Լուսանկարները կարող եք դիտել այստեղ: -0-