ArmStyle

Նախօրեին Երևանում կայացած «23 երգչախմբային ստեղծագործություն» ձայնասկավառակի շնորհանդեսն իսկական տոնի էր վերածվել։ Բացի սկավառակում ընդգրկված երգերի կատարումից, «Հովեր» պետական կամերային երգչախումբը ներկայացրեց Կոմիտասի «Պատարագից» մի հատված, ինչպես նաև` Առնո Բաբաջանյանի «Ժողովրդական երգը» և «Քելե–քելե» ժողովրդական երգի գործիքավորումը։ Վերջին երկու ստեղծագործություններն առաջին անգամ էին կատարում Երևանում։ 

«Սկավառակը, ինչպես և մեր ամբողջ հյուրախաղային գործունեությունն այս տարի, նվիրված է Հայոց ցեղասպանության 100–ամյա տարելիցին։ Այն «Հովեր» երգչախմբի բազմամյա աշխատանքի պտուղն է, բայց, իհարկե, դրա մի մասն է»,– ասաց երգչախմբի գեղարվեստական ղեկավար Սոնա Հովհաննիսյանը։ 

Ըստ նրա, ներկայացված կոմպոզիցիաների որակն այնպիսին է, որ ժողովածուն ավելի ճիշտ կլիներ անվանել «23 հատընտիր երգչախմբային ստեղծագործություն»։ Հատկանշական է նաև այն, որ սկավառակը ձայնագրվել է ոչ միայն երգչախմբի նախաձեռնությամբ, այլ նաև` երգչախմբի միջոցներով։ 

Ալբոմում ընդգրկվել է ժամանակակից կոմպոզիտորների 15 ստեղծագործություն, որոնք ցույց են տալիս, թե ինչպես է զարգացել երգչախմբային երաժշտությունը Կոմիտասից հետո։ Նրանց թվում են Սյունին, Սայաթ–Նովան, Մանսուրյանը, Աճեմյանը։ 

Շնորհանդեսին ներկա էին Հայաստանի առաջին տիկին Ռիտա Սարգսյանը և մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը։ -0-