ArmStyle

Հինգշաբթի Արագածոտնի մարզի Արագած գյուղում տեղի ունեցավ Հայաստանում առաջին «Լեռնային մորու փառատոնը»:

Փառատոնի հյուրերը համտեսեցին յուրօրինակ կերակրատեսակներ և մորու հյութեր, որոնք պատրաստել էին տեղի բնակիչները։

Փառատոնի շրջանակում տեղի ունեցան լեռնային մորուց տարբեր կերակրատեսակների պատրաստման վարպետության դասեր, «խոհարարական մենամարտեր» գյուղի բնակիչների միջև։ Առանձին տաղավարներում ներկայացվեցին դեկորատիվ կիրառական արվեստի տեղի վարպետների աշխատանքները։

Միջոցառման մասնակիցներն ունկնդրեցին նաև «Մորու համերգ», որին մասնակցեցին Արագածոտնի մարզի կատարողներ և տարբեր պարային համույթներ։ Մարտարվեստների սիրահարները դիտեցին հետաքրիր շոու տեղի երիտասարդ կարատեիստների մասնակցությամբ։

«Եվրասիա» բարեգործական հասարակական կազմակերպության տնօրեն Նվեր Թորոսյանն ասաց, որ Արագածոտնի մարզը հարուստ է լեռնային մորիով, որն առանձնանում է հատուկ համային և էկոլոգիական որակներով։ Հենց այդ պատճառով «Լեռնային մորու փառատոնն» անցկացվում է այս մարզում։

Նա ավելացրեց, որ փառատոնի նպատակն է ոչ միայն համեղ հատապտուղներ համտեսելը և հետաքրքիր միջոցառումներ անցկացնելը, այլ նաև պոտենցիալ արտադրողներ, գնորդներ, ինչպես նաև ներդրողներ ներգրավելը, ինչը նպաստում է մարզում արտադրության աճին։ Միջոցառումն ուղղված է նաև արտասահմանյան զբոսաշրջիկներ գրավելուն, քանի որ մարզը հիանալի զբոսաշրջային պոտենցիալ ունի։

Փառատոնը կազմակերպվել է «Արագածոտնի մարզում զբոսաշրջության, մշակույթի, հայ ավանդական արժեքների զարգացման» ծրագրի շրջանակում, «Եվրասիա» բարեգործական հասարակական կազմակերպության, ինչպես նաև Հայաստանում ՀԱՊԿ ինստիտուտի կողմից։

Միջոցառմանը մասնակցեցին Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինը, մշակույթի նախարարության և մարզպետարանի ներկայացուցիչներ։

Փառատոնի լուսանկարները կարող եք դիտել այստեղ: -0-