ArmStyle

Նախօրեին Գաֆէսճեան արվեստի կենտրոնում բացվել է հայտնի քանդակագործ Սահակ Պողոսյանի ցուցահանդեսը` նվիրված Հայոց ցեղասպանության 100–րդ տարելիցին։

«Ցուցահանդեսում ներկայացված բոլոր աշխատանքները «Մեծ մորս աչքերի լռությունը» խորագիրը կրող  ստեղծագործության ամբողջությունն է: Անվանումն անմիջական կապ ունի ցեղասպանության հետ, քանի որ իմ տատն այդ ահավոր ողբերգության զոհերից է»,– ասաց քանդակագործը։

Նրա խոսքով` այս նախագծի հիմքում ընկած են այն բոլոր ապրումներն ու հույզերը, որոնք ինքը զգացել է`որպես ցեղասպանության ժառանգորդ։

«Նյութերի համար օգտագործվել է պարաֆին, խեժ, ինչպես նաև անկողնային սպիտակեղենի կտորներ, որոնք ես փնտրել և գտել եմ հայկական գյուղերում»,– ասաց Պողոսյանը։

Սահակ Պողոսյանը ծնվել է Երևանում 1959 թվականին, ավարտել է Երևանի գեղարվեստի  պետական ակադեմիան։Նրա ստեղծագործությունների ցուցահանդեսներ են կազմակերպվել ԱՄՆ–ում, Ռուսաստանում, Ֆրանսիայում և Լատվիայում: Նրա «Մեր բոլորի Հայրենիքը», «Արևելյան գեղեցկություն» նախագծերը ցուցադրվել են Երևանում։ -0-