ArmStyle

Աշխարհահռչակ դիրիժոր Վլադիմիր Սպիվակովը կիրակի երեկոյան ժամանել է Երևան։ Նրա երեք համերգները նվիրված կլինեն Հայոց ցեղասպանության 100–րդ տարելիցին։ 

Պատասխանելով այն հարցին, թե ինչպես է վերաբերվում հայ ժողովրդի ողբերգությանը, Սպիվակովը նշել է, որ Երևան կատարած այցը հաստատում է իր դիրքորոշումը։ 

«Դիրքորոշումս պարզ է։ Այն, որ աշխարհը մինչև հիմա չի ճանաչել, իր խնդիրն է։ Չէ՞ որ ողջ աշխարհը չէ, որ չի ճանաչել։ Ահա Հռոմի պապն է ճանաչել, և սա շատ լուրջ պատմություն է, որը հեռու գնացող հետևանքներ կունենա։ Ռուսաստանը վաղուց է ճանաչել», – ասել է Սպիվակովը։

Ապրիլի 14-ին, 15-ին և 16-ին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կանցկացվի «Վլադիմիր Սպիվակովը հրավիրում է» խորագրով փառատոնը։Ռուսաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը` Սպիվակովի գլխավորությամբ, ապրիլի 14-ին կկատարի «Կոնցերտ դաշնամուրի և նվագախմբի համար թիվ 17» և «Ռեքվիեմ» ստեղծագործությունները։ Ռուսաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ հանդես կգա Հայաստանի պետական ակադեմիական երգչախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Հովհաննես Չեքիջյան)։ Որպես մենակատար հանդես կգա դաշնակահարուհի Վարվառա Կուտուզովան: Ապրիլի 15-ին հանդիսատեսին կներկայացվեն Մոցարտի, Վերդիի, Բելինիի, Դոնիցետիի, Պուչինիի հայտնի ստեղծագործությունները։ Ապրիլի 16-ին կներկայացվի մուլտիմեդիա նախագիծ, որը կրում է Չապլինի ժամ՝ «Մեծ քաղաքի կրակները» խորագիրը։ Բոլոր համերգները կսկսվեն ժամը 19:15-ին: 

Մեկնաբանելով երևանյան համերգացանկի բազմազանությունը` մաեստրոն նշել է, որ կրկնություն չի սիրում։

Առաջիկա ստեղծագործական ծրագրերի մասին խոսելիս` Սպիվակովը տեղեկացրեց, որ նախատեսում է այցելել Ֆրանսիա, Ավստրիա, ԱՄՆ։ «Ես հրավերներ ունեմ մինչև 2017 թվականը, սակայն այժմ ես ծրագրում եմ միայն մեկ ամիս առաջ», – ասել է Սպիվակովը։ –0–