ArmStyle

Հայ ժողովուրդը հայտնի է ոչ միայն պատմաճարտարապետական հուշարձաններով, այլև ոչ նյութական մշակութային ժառանգությամբ, որի անբաժանելի մասը ֆոլկլորն է: Հայկական ֆոլկլորի լավագույն ավանդույթները ներկայացվեցին Արագածոտնի մարզի Բյուրական գյուղում կազմակերպված «Հայաստանը խաղաղության խաչմերուկում» երրորդ միջազգային ֆոլկլորային փառատոնի բացման արարողության ժամանակ:

Այս տարի փառատոնին մասնակցում է ավելի քան 10 ազգագրական համույթ և գյուղական կոլեկտիվ, ինչպիսիք են` «Տոնացույցը», «Սասունը», «Տարոնցիները», «Մասունքը», «Ակունքը», «Կարոտը», «Հայոց հարցը», «Կաթնաղբրիկը», Ուջան, Ներքին Բազմաբերդ, Աշնակ, Բյուրական, Սասունիկ գյուղերի խմբերը:

Այս տարի միջոցառմանը մասնակցում են նաև լեհ «գործընկերները»` «Վիելկոպոլանիե» և  «Շամոտուլի» համույթները, որոնք միանգամից դարձան համընդհանուր տոնախմբության հաղորդակիցը և հաճույքով ներկայացրեցին իրենց ժողովրդի մշակույթը հայկական հողում: Այս տարի փառատոնը սեպտեմբերի 11-15-ը կանցկացվի նաև Աշտարակում, Երևանում և Ուջանում:

Ուրախ բացում

Փառատոնի բացումը նշանավորվեց Հայաստանն ու Լեհաստանը ներկայացնող մասնակիցների հանդիսավոր երթով, ովքեր իրենց գունեղ ազգային տարազների և ժողովրդական երգերի գույներով ու հնչյուններով լցրեցին աշնանային Բյուրականի փողոցները: Բառացիորեն ամեն քայլափոխի տեղի բնակիչները փառատոնի մասնակիցներին դիմավորում էին հայ ժողովրդին բնորոշ հյուրընկալությամբ` երթի մասնակիցներին հյուրասիրելով ազգային քաղցրավենիք, թխվածք, համեղ աշնանային հատապտուղներ և մրգեր:

Երթն ուղեկցվում էր ժողովրդական մեղեդիներով հայ երաժիշտների կատարմամբ, իսկ երկու երկրների մասնակիցները համերաշխ և ուրախ շարունակում էին քայլել` կատարելով ազգային երգեր ու ծածանելով ազգային դրոշներ:

Երթն ավարտվեց Բյուրական գյուղի գլխավոր աղբյուրի մոտ, որտեղ մասնակիցները հանդիսատեսին ներկայացրեցին որոշ համարներ`աշխուժացնելով մթնոլորտը:

«Մեր համույթն արդեն 16 տարեկան է, և մենք ներկայացնում ենք Շամոտուլի քաղաքի լեհական պարերը: Այսօր մենք ներկայացնում ենք լեհական երգն ու պարը: Մենք առաջին անգամ ենք Հայաստանում, և պետք է ասեմ, որ այստեղ ամեն ինչ պարզապես հրաշալի է», — «ԱՌԿԱ Style»-ին ասել է «Շամտուլի» համույթի ղեկավար Մաչի Շիպինսկին:

Հայկական և լեհական համույթների ելույթներից հետո մասնակիցները շարժվեցին դեպի Բյուրականի մշակույթի տուն, որտեղ և տեղի ունեցավ բացման գլխավոր արարողությունը:

«Փառատոնը հիմնականում անցկացվում է Երևանի սահմաններից դուրս, քանի որ հենց մարզերում և գյուղերում են պահպանվել հայկական ֆոլկլորի լավագույն ավանդույթները: Եվ դա հասկանալի է, քանի որ փառատոնի նպատակն է Հայաստանում ֆոլկլորային ստեղծագործությունը զարգացնելը», — ասաց փառատոնի կազմակերպիչ, «Տոնացույց» համույթի գեղարվեստական ղեկավար Հասմիկ Բաղրամյանը:

Նա նշեց, որ «Հայաստանը խաղաղության խաչմերուկում» առաջին փառատոնն անցկացվել է 2012թ.-ի սեպտեմբերին Աշտարակում, Ուջանում, Կարբիում և Երևանում, իսկ երկրորդը` 2013թ.-ին Գավառում, Գյումրիում և Երևանում: Այս երկու փառատոններին մասնակցել են Իտալիան ներկայացնող «Վալե դի Կոմինո» և «Սամուգեո» (Սարդինիա) համույթները, «Ռատիլիո» լիտվական ազգագրական համույթը և «Վալասկե Վոյովոդու» հայտնի չեխական ֆոլկլորային համույթը:

Երբ լեհերը երգում են հայերեն

Բյուրականի աշնանային երկնքի տակ սկսվեց իսկական տոնակատարություն. գյուղի գրեթե բոլոր բնակիչները հավաքվել էին Բյուրականի մշակույթի տան մոտ կառուցված բեմի վրա: Հյուրերից շատերը երգում և պարում էին արտիստների հետ նրանց ելույթների ժամանակ:

Հայկական և լեհական համույթները բեմում փոխարինում էին միմյանց` արժանանալով հանդիսատեսի ծափահարություններին: Սակայն հայ հանդիսատեսին ամենից շատ հուզեց լեհական համույթի ելույթը, որը ներկայացրեց մեծանուն հայ կոմպոզիտոր Կոմիտասի «Կաքավիկ» ստեղծագործությունը:

Մի շարք համարներից հետո «ֆոլկլորի հայ և լեհ գործընկերները» միմյանց համար յուրօրինակ վարպետության դասեր կազմակերպեցին` ներկայացնելով ազգային երգ ու պարի իրենց փորձը և ավանդույթները:

Սա դեռ սկիզբն է…

Սակայն սա դեռ միայն սկիզբն է, իսկ առջևում ևս չորս վառ փառատոնային օրեր են:

Այսպես` փառատոնի երկրորդ օրը մասնակիցներն Աշտարակում կմասնակցեն Բերքի գունեղ տոնին:

Սեպտեմբերի 13-ին կկազմակերպվեն էքսկուրսիաներ դեպի Հայաստանի տեսարժան վայրեր, իսկ սեպտեմբերի 14-ին Երևանում դասական երաժշտության համերգ կանցկացվի:

«Հայաստանը խաղաղության խաչմերուկում» փառատոնի փակումը տեղի կունենա սեպտեմբերի 15-ին Արագածոտնի մարզի Ուջան գյուղում:

Փառատոնն անցկացվում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ:

Ֆոտոժապավենին կարելի է ծանոթանալ այստեղ:-0-