ArmStyle

Սեպտեմբերի 25-ին Երևանում տեղի է ունեցել հայտնի հայ կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի 75-ամյակին նվիրված ստեղծագործական երեկոն, որի ընթացքում մաեստրոն պատմել է հայկական երգի պատմության իր տեսլականի, նրա զարգացման, ինչպես նաև սիրելի ժանրի` ռոմանսի մասին: Տիգրան Մանսուրյանը այնպիսի հայտնի ֆիլմերի երաժշտության հեղինակն է, ինչպիսիք են Ս. Փարաջանովի «Նռան գույնը» (1968), Մ. Վարդանովի «Աշնանային հովվերգություն», Հ. Մալյանի «Մենք ենք մեր սարերը» (1969), «Կտոր մը երկինք» (1980), Բ. Հովհաննիսյանի «Տերը» (1983), Ս. Իսրայելյանի «Ճերմակ անուրջներ», Ա. Մկրտչյանի «Մեր մանկության տանգոն» (1984), «Հին օրերի երգը» (1982) ֆիլմերը: Նրա ստեղծագործությունները հաջողությամբ կատարվել են Լոնդոնում, Փարիզում, Հռոմում, Միլանում, Վիեննայում, Մոսկվայում, Վարշավայում, Նյու Յորքում, Լոս Անջելեսում և աշխարհի այլ քաղաքներում:

Հայկական երգի զարգացման պատմությունը

Հայկական երգի բնույթը փոխվում էր ժամանակի ընթացքում` կախված այն բանից, թե ինչ էր այն հատկապես արտացոլում` սեր, աղոթք, պանդուխտի  տառապանքները, հողագործի ծանր աշխատանքը: Նրա յուրաքանչյուր ակորդ միախառնվում է խոսքի հետ:

Երբ ես խոսում եմ երաժշտության մասին, միշտ հիշում եմ մի մտածողի խոսքերը, ով ասել է, որ երաժշտության մասին գրելը նույնն է, ինչ փորձել պարի միջոցով պատմել ճարտարապետության մասին: Եվ, այնուամենայնիվ, բոլոր ժամանակներում երաժշտության միջոցով ցանկություն կար փոխանցել ավելին. եթե պարզապես երգում ես «Տիրամայրը», միանգամից պատկերացնում ես և աղոթող մարդուն, և Տիրամոր կերպարը:

Ռոմանսը` որպես երգարվեստի բարձրագույն դրսևորում

Հայկական երգի ժանրերը շատ բազմազան են` հին հայկական հոգևոր, աշուղական, քաղաքային, հեղինակային, «ռաբիս» (ծագում է «РАБочее ИСкусство» խորհրդային կազմակերպության անունից, որում ներառված էին ժողովրդական մեղեդիների կատարողները, ԱՌԿԱ Style), հայրենասիրական: Եվ այս ամենի պսակը հայկական ռոմանսն է, որի նկատմամբ մենք շատ անուշադիր ենք, ինչը բավականին ցավալի է:

Ռոմանսը մոռացված է, և այսօր քչերն են այն կատարում: Դուք տարիներ շարունակ կարող չլսեք Ռոմանոս Մելիքյանի, Ահարոն Ստեփանյանի ստեղծագործությունները, որոնք այդ  ժանրի գլուխգործոցներ են ստեղծել: Սակայն դա ամենևին էլ չի նշանակում, որ ժանրը մահացել է: Ռոմանսը հայկական երաժշտության վերջին հարյուրամյակի երաժշտական և բանաստեղծական ստեղծագործության առավել հասուն ձևն է: Այն հզոր ներուժ ունի: Նրա հիմքի վրա ստեղծվում է գործիքային երաժշտություն ցանկացած կոմպոզիտորական դպրոցում` ինչպես եվրոպական, այնպես էլ հայկական: Եթե մենք ունենք երգ, ապա վաղը կունենանք նաև սիմֆոնիա, եթե ունենք մի քանի լավ ռոմանսներ, ապա կունենանք հարուստ գործիքային երաժշտություն, օպերա և բալետ:

Ժամանակակից հայկական երգը

Այսօր երիտասարդության կողմից կատարվող երգերի մեծ մասն ունի ոչ թե հայկական, այլ անգլիական երաժշտական շեշտադրում: Քանի որ կլիշեները, նախատիպերը, ինչպես նաև ռիթմերը վերցվում են այնտեղից: Ռիթմը ազդում է շեշտադրումների համակարգի վրա:

Հոբելյան

Հոբելյանն ինձ համար պարզապես ամսաթիվ է, թիվ, ես այնքան էլ ուժեղ չեմ թվերի հարցում: 50, 60, 75, դրանք պարզապես թվեր են: Դու աշխատում ես նախկինի պես` նույն ծանրաբեռնվածությամբ: -0-