ArmStyle

«Կինոաշուն 2014» հայկական կինոյի V փառատոնը, որը կանցկացվի հոկտեմբերի 7-ից նոյեմբերի 7-ը Երևանում և երկրի մարզերում, կնվիրվի համաշխարհային կինեմատոգրաֆի դասական Սերգեյ Փարաջանովի 90-ամյակին:

Փառատոնի նախաշեմին ՀՀ մշակույթի փոխնախարար Արթուր Պողոսյանը լրագրողներին տեղեկացրել է, որ կինոսիրողներին այս տարի սպասում է բավականին հագեցած ծրագիր, որը ներառում է մոտ 150 կինոդիտումներ, քննարկումներ և վարպետության դասեր:

««Կինոաշունը» արդեն դարձել է ավանդական և սպասված իրադարձություն մեր երկրում: Այս տարի փառատոնը մեկնարկում է Վանաձորում, որտեղ միջոցառման բացումը կնշանավորվի Փարաջանովին նվիրված ֆիլմի ցուցադրությամբ: Կցուցադրվի նաև վավերագրական ֆիլմ, որը պատմում է Վանաձոր քաղաքի մասին, որը ժամանակին խոշոր արդյունաբերական քաղաք էր», — ասել է Պողոսյանը:

Ինչպես նշել է Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Գևորգ Գևորգյանը, փառատոնի շրջանակում կնշվեն այնպիսի մեծանուն հայ կինոգործիչների հոբելյանները, ինչպիսիք են՝ Առնոլդ Աղաբաբովը, Բագրատ Հովհաննիսյանը, Գենադի Մելքոնյանն ու Արման Մանարյանը:

Փառատոնի շրջանակում տեղի կունենան հոբելյարների ֆիլմերի հետահայաց ցուցադրություններ:

«Կինոաշուն 2014»-ի առանձնահատկությունն այն է, որ փառատոնի շրջանակում կցուցադրվեն ֆիլմեր, որոնք նվիրված են հայկական բանակին և Արցախյան ազատամարտին: Այդ ֆիլմերը ոչ միայն կներառվեն փառատոնի ծրագրում, այլ նաև կցուցադրվեն սահմանամերձ գյուղերում:

Փառատոնի շրջանակում արդեն երկրորդ անգամ կկազմակերպվի «Հին ու նոր երևանցի» մրցութային ծրագիրը, որը կներառի 7-10 րոպե տևողությամբ թեմատիկ ֆիլմեր: Այս ծրագիրն իրականացվում է Երևանի քաղաքապետարանի հետ համատեղ: 

Փառատոնին ակտիվորեն կմասնակցեն մայրաքաղաքի բուհերի ուսանողները, ովքեր կմասնակցեն «Մեր մեծերը» թեմայով կազմակերպվող կլոր-սեղանին, իսկ նրանց լավագույն հոդվածները կներկայացվեն Կինոկենտրոնի կայքում:

Կինոյի միամսյակը կեզրափակվի Արտաշատում, որտեղ կամփոփվեն ֆիլմերի և գրախոսությունների մրցույթի արդյունքները:

2012 թ.-ին «Կինոաշունը» նվիրված էր հայկական կինեմատոգրաֆի հիմնադիր Համո Բեկնազարյանի 120-ամյակին:

Ազգային կինոյի միամսյակն առաջին անգամ անցկացվել է 2010 թ.-ին: -0-